Մատչելիության հղումներ

Վարդան Մալխասյան. «Իմ եւ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պատվերն է»


«Իմ եւ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքական պատվեր է: Պատվիրատուներն էլ, կարծում եմ, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են», - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում երեկ ասաց Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկի կալանավայրում գտնվող Վարդան Մալխասյանը:

«Որովհետեւ «միջոցների միջեւ խտրականություն չենք դնելու» իմ ասածը լուրջ հիմք չէ կալանքի առավելագույն` 6 ամիս ժամկետը սահմանելու համար: Ես չեմ ասել՝ հենց հիմա հեղաշրջում ենք անելու, ես նկատի եմ ունեցել` «եթե տարածքները հանձնելու որոշում կայացվի, միջոցների առաջ խտրականություն չենք դնի», հիմա էլ եմ նույնը ասում»,֊ - պատճառաբանեց նա:

Ազատամարտիկներ Վարդան Մալխասյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել են անցած տարեվերջին՝ սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով:

Վարդան Մալխասյանը իրենց ձերբակալության հիմքում տեսնում է երեք պատճառ: «Նախ, ղարաբաղյան բանակցությունների հետ է կապված. Արեւմուտքին ուզում են ցույց տալ, թե` «տեսեք, ուզում ենք տարածքները հանձնել, ժողովրդի մեջ կան մարդիկ, որ դրան խանգարում են, մենք նրանց մեկուսացնում ենք»: Երկրորդ` վախեցան, որ կամավորներս կարող էինք մահապարտի կարգավիճակով կանգնել տեղամասերում, թույլ չտալ, որ կեղծիքներ անեն: Իսկ իրենք կեղծիքների են պատրաստվում: Մանավանդ, Ժիրայրից վախեցան, որովհետեւ նա բանտում էլ համախմբման միջոց է: Եվ երրորդը` մեզ կալանավորելով, ուզում էին մեր մյուս ընկերներին վախեցնել, ինչն անհնար է», - նշեց Վարդան Մալխասյանը:

Նա կտրականապես հերքեց զինված խմբավորումների հետ կապ ունենալու հանգամանքը. - «Ես որեւէ խմբի հետ կապ չունեմ, ես քաղաքական գործիչ եմ, զենքերի ու ապստամբությունների հետ ոչ մի կապ չունեմ»:

Վարդան Մալխասյանը մինչեւ 2000 թվականը եղել է ՀՅԴ-֊ի անդամ: «Ինձ պաշտոն էլ են առաջարկել այն ժամանակ, հրաժարվել եմ: Որովհետեւ զգում էի, որ Դաշնակցությունը շեղվել է ազգային իր ծրագրից: ՀՅԴ-ի համար, կարծես, ծրագիրը միջոց էր` ընդամենը իր նպատակներին հասնելու համար: Հասավ ու մոռացավ ամեն ինչ: Ես էլ տեսա, որ խառնվում են կեղծիքների, դուրս եկա կուսակցությունից: Չի բացառվում, որ իրենց մատն էլ խառը լինի մեզ այստեղ բերելու հարցում», - ասաց Վարդան Մալխասյանը:

Վարդան Մալխասյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրված է Աշտարակի թիվ 14 ընտրատարածքում: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նա իրավունք ունի օգտվել նախընտրական քարոզարշավի բոլոր հնարավորություններից: Կալանքի ժամկետը գրավով փոխարինելու՝ նրա փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը Կենտրոն եւ Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մի քանի անգամ մերժել է: Այժմ Վարդան Մալխասյանն ունի մեկ շտաբ. նրա փոխարեն քարոզարշավն իրականացնում են վստահված անձինք:

«Ես մեծ ուշադրություն չեմ դարձնում պատգամավորության վրա, ոչ էլ շատ եմ երազում պատգամավոր դառնալ: Նախընտրական պաստառներ չունեմ, ոչ էլ շատ լուրջ եմ ընդունում քարոզարշավները: Իմ հայրենի Աշտարակի ժողովուրդը ինձ շատ լավ է ճանաչում է, ես 99 թվին առաջադրված էի. 4600 ձայնով չընտրվեցի, որովհետեւ ինձ հետ մրցակցողը ընտրակեղծիքներով մի քանի հարյուր ձայն ավելի հավաքեց ու դարձավ պատգամավոր», - ասաց Վարդան Մալխասյանը:

«Ես հիմա էլ ոչ ոքի չեմ ասում` ինձ ընտրեք, իմ թեկնածությունն առաջադրել եմ, որ ժողովուրդը որոշի` իշխանությո՞ւնը, թե՞ ամենաարմատական ընդդիմությունը: Ես ինձ համարում եմ ամենաարմատական ընդդիմություն»:

Թիվ 14 ընտրատարածքում Վարդան Մալխասյանի 6 մրցակիցներից է Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Երեք թեկնածուներ առաջադրված են «Բարգավաճ Հայաստան»-ից, ՀՀՇ-ից եւ «Դաշինք»-ից:

«Այս ընտրություններում էլ են քվեներ գողանալու, որովհետեւ արդեն ողջ երկրի տարածքով սկսվել են բռնությունները, սպանությունները, կրակոցները: Այս իշխանությունների նպատակը ժողովրդին լրիվ ստրկացնելն է»,֊ - կարծիք հայտնեց Վարդան Մալխասյանը:

Նա ասաց, որ ցանկություն ունի օգտվել Հ1-ի անվճար եթերաժամից: Նրա փաստաբան Մուշեղ Շուշանյանն առաջիկա օրերին հանդես կգա համապատասխան միջնորդությամբ:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG