Մատչելիության հղումներ

ԵԽ ԽՎ-ի զեկույցում մարդու իրավունքները ոտնահարող երկրների շարքում մատնանշված է նաեւ Հայաստանը


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽ ԽՎ) երեկ քննարկեց Եվրոպայում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը, որում մարդու իրավունքները ոտնահարող երկրների շարքում մատնանշված է նաեւ Հայաստանը, ընդ որում` մի քանի անգամ:

Կիպրոսցի պատգամավոր Քրիստոս Պորգորոդիսի եւ շվեյցարացի պատգամավոր Անդրեաս Գրոսի պատրաստած զեկույցում պաշտոնական Երեւանը, մասնավորապես, քննադատության է արժանացել ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների համար:

«Եվրախորհրդի անդամ որոշ երկրներում ընտրական գործընթացները դեռեւս ուղեկցվում են լուրջ ընտրախախտումներով, ինչպես, օրինակ, 2005 թվականին Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեն եւ նույն թվականին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները», - գրել են զեկույցի հեղինակները:

Փաստաթղթի մեկ այլ կետով եվրոպացի պատգամավորներն արձանագրել են. - «Կենսունակ ժողովրդավարության մյուս չափորոշիչը ընդդիմության գործունեությունն է խորհրդարանի ներսում եւ դրսում, մինչդեռ Հայաստանում, ինչպես նաեւ Ադրբեջանում, ընդդիմություն գրեթե գոյություն չունի»:

Վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը, նշելով, որ Եվրախորհուրդն առաջին անգամ է նման զեկույց հրապարակում, ընդգծել է. - «Սա շատ կարեւոր նախաձեռնություն է, որը պետք է ուղեցույց դառնա` Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության հաստատման համար»:

«Ցավոք, Եվրախորհրդին անդամակցությունը դեռեւս չի երաշխավորում անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանություն», - իր հերթին, հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն ու հավելել. - «Ինձ այս առումով առավել մտահոգում են մարդու իրավունքների դեմ քաղաքական նկատառումներով իրականացված բռնությունները»:

«Որոշ երկրներում իշխանություններին կարող է թվալ, թե իրենք պաշտպանում են հասարակության շահերը, երբ փորձում են լռեցնել, իրենց համոզմամբ, անպատասխանատու լրատվամիջոցներին կամ իշխանական լծակներից հեռու պահել այն քաղաքական ուժերին, որոնք, իրենց կարծիքով, չեն կարող կառավարել երկիրը: Այդօրինակ որոշումները, սակայն, ժողովրդավարական չեն եւ հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային», - հայտարարել է Թերի Դեւիսը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG