Մատչելիության հղումներ

Կարեն Աբրահամյանին դանակահարել է սրբանկարչության դպրոցի ուսանողը


Երեքշաբթի օրը ձերբակալվել են Մոսկվայի բնակիչներ` Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի 18-ամյա ուսանող Պավել Սկաչեւսկին եւ նրա հասակակից` Կիսելյովի անվան սրբանկարչության դպրոցի ուսանող Արտյոմ Ռինոն, ովքեր խոստովանել են, որ իրենք են հարձակվել «Գորմետ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Աբրահամյանի վրա: Ըստ նախնական տվյալների, Աբրահամյանին դանակով հարվածներ է հասցրել Արտյոմ Ռինոն:

Նախօրեին, Աբրահամյանի` աշխատանքից վերադառնալու ժամանակ, Ռուսաստանի մայրաքաղաքի Հարավ-արեւմտյան վարչական օկրուգում գտնվող շենքի մուտքի մոտ մի քանի երիտասարդներ հարձակվել էին նրա վրա, ձեռքերով եւ ոտքերով խփել, ապա դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել:

46-ամյա Կարեն Աբրահամյանը երեկ հիվանդանոցում մահացել է:

Դեռ գիտակից վիճակում` նա ոստիկաններին պատմել էր, որ իր վրա հարձակվել էին սեւազգեստ, սափրագլուխ, զինվորական սապոգներով երեք երիտասարդ:

Ինչպես «Ռեգնում» գործակալությանը հայտնել է աղբյուրը Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմիններում, Սկաչեւսկին եւ Ռինոն որոշ ժամանակ առաջ են ծանոթացել, միեւնույն ֆուտբոլային թիմի երկրպագուներ են եւ քանիցս մասնակցել են երկրպագուների միջեւ ծեծկռտուքների: Ընկերանալով` նրանք ժամանակ առ ժամանակ երկու-երեք հոգով Մոսկվայով «շրջել» են եւ ազգային հողի վրա հարձակումներ կատարել: Որպես կանոն, նման «զբոսանքներից» հետո քաղաքի փողոցներում հայտնաբերվել են սպանվածներ եւ վիրավորներ:

Հիմքեր կան կասկածելու, որ հենց այդ երկուսն էլ երկուշաբթի երեկոյան սպանել էին Տաջիկստանի 26-ամյա մի քաղաքացու` նրան դանակով 35 հարված հասցնելով:

Իրավապահներն ստուգում են ձերբակալվածների հնարավոր առնչությունը Ռուսաստանի մայրաքաղաքի եւ Մոսկվայի մարզի տարածքում տեղ գտած նմանօրինակ այլ հանցագործություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG