Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք»-ի տեղեկություններով, ոստիկանության անձնագրային վարչության պետ Ալվինա Զաքարյանը իշխանական համապատասխան օղակներից հրահանգ է ստացել` ընտրացուցակներում ավելացնել եւս 500 հազար գոյություն չունեցող ընտրողի անուն. - «Հասկանալի է, որ այդ ընտրողների անունները նրանք տեղաբաշխելու են տարբեր տեղամասերում, եւ ցուցակները տրամադրելու են իշխանական թեւի կուսակցություններին։ Իսկ վերջիններս էլ պետք է քվեարկության օրը իրենց հավաքագրած խմբերին տանեն քվեարկելու՝ նշված անունների դիմաց»։

Նախընտրական քարոզչության ընթացքին արձագանքելով` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր գնահատել է. - «Քաղաքական գործիչներն ու կազմակերպությունները, իրար դեմ մրցակցելով եւ ընտրողների քվեները շահելու մոլուցքով տապակված, հաճախ մոռանում են, որ ինչ-որ գաղափար ու ծրագիր են ներկայացնում, որ իրենցով են նաեւ չափվում ու գնահատվում այդ գաղափարներն ու ծրագրերը։ Բացի այդ, մեկը մյուսից առավել ազգասեր երեւալու համար այս մարդիկ հաճախ այնպիսի ցնորամիտ, ֆանտաստիկ, անիրատես ծրագրեր են առաջարկում, որոնք ի զորու են միայն վարկաբեկել «ծրագիր» հասկացությունը։ Իսկ արդյունքում՝ կրկին արժեզրկվում են ծրագրերն ու գաղափարները»։

«Ազգ» թերթի մեկնաբանը նույն թեմայի շրջանակներում շեշտադրել է. - «Հետեւելով քարոզարշավին, կարելի է նկատել, որ ընդհանուր առմամբ գովազդները, չնայած բարձր գներին, չեն փայլում հնարամտությամբ կամ ընտրողի հանդեպ ընտրովի վերաբերմունքով: Շատ քիչ ուժեր են հասկացել, որ ամենօրյա եթերային կարճ ժամանակը կարելի է օգտագործել ոչ թե կարգախոսներով, պատմության հետահայաց դասերով կամ ճոռոմ բառաբարդումներով առատախեղդ անելով, ոչինչ չասող, ընտրողի հոգու մեջ չնայող անճաշակություններ եթեր արձակելով, այլ հազվագյուտ հաջողված գովազդների պես` տասին խփելով: Այսինքն` այնպիսի բան եւ այնպես ասելով, որ դա մնա ու հիշվի»:

Ըստ «Ժամանակ-Երեւան» թերթի աղբյուրների` ՀՀԿ նախագահ եւ վարչապետ Սարժ Սարգսյանը որոշում է կայացրել միայնակ իրականացնել ՀՀԿ քարոզարշավը: «Սա ենթարդում է, որ Սերժ Սարգսյանը քարոզարշավի գնալիս իր հետ չի վերցնելու կուսակցության անդամ նախարարներին կամ այլ պաշտոնյաների, որոնց ներկայությունը, իր կարծիքով, բացասական ազդեցություն է թողնում ընտրողների վրա», - գրել է թերթն ու ավելացրել, թե «մարզերում քարոզարշավի ժամանակ Սարգսյանին ուղեկցելու թույլտվություն են ստացել միայն մարզպետներն ու այդ տարածքի մեծամասնական պատգամավորները»։

«Կեղծ ընտրացուցակներ» վերնագրի տակ «Առավոտ»-ն այսօր գրել է. - «Կուսակցություններից մեկը, որը լրջորեն հետեւում է ընտրական տեղամասերում փակցված ընտրացուցակներին, հետաքրքիր ու միաժամանակ մտահոգիչ փաստեր է ի հայտ բերել։ Այսպես, թիվ 9 ընտրատարածքի թիվ 23 տեղամասում փակցված ընտրացուցակում հայտնաբերվել են ընտրատեղամասի տարածքում ընդհանրապես գոյություն չունեցող հասցեներ»։ Մասնավորապես, ըստ թերթի, Կիլիկիա թաղամասի Այաս փողոցում, բնակիչների պնդմամբ, զույգ համարներով բնակելի տներ չկան, բայց ընտրացուցակում կան. - «Ընդ որում, այդ տների վրա նաեւ գրանցված են ընտրողներ, որոնք եւս ներառված են ընտրողների ցուցակում»։

«Համարի համեստությունը» վերնագրի տակ «Չորրորդ իշխանություն»-ը այսօր փոխանցել է. - «Մի առիթով Ռոբերտ Քոչարյանի որդի՝ Սեդրակ Քոչարյանը, նեղ շրջապատում հայտարարել էր, թե Հայաստանի հաջորդ նախագահը Սերժ Սարգսյանն է լինելու, իսկ նրանից հետո՝ ինքը»։ «Այսօրինակ համեստությունը, կարծում ենք, զարդարում է երիտասարդին», - ընդգծել է թերթն ու հավելել. - «Նրա փոխարեն մի ուրիշը այդքան չէր համբերի եւ կփորձեր Հայաստանը ղեկավարել արդեն հիմա՝ «դավերենստով»»։

Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների կանխավարկած առաջադրելով` «Իրավունք»-ի վերլուծաբանն այսօր հիմնավորել է. - «Այնպիսի քաղաքական գործիչների համար, ինչպիսիք հանրապետականներն են, շատ ավելի տրամաբանական է չկանգնեցնել արդեն գործի գցված «նախընտրական մեքենան», այլ խորհրդարանական ընտրություններից սահուն անցնել նախագահի ընտրության գործընթացին։ Եվ թեպետ այդ սցենարի իրականացումն իր մեջ պարունակում է բավականին լուրջ ռիսկ նախաձեռնողների համար, ակնհայտ է, որ հազիվ թե այլ ճանապարհ կա, քան ակամա պլանավորված իրադարձությունների հոսանքին հետեւելը»։

Մի շարք թերթեր այսօր փոխանցել են, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի երկու թեկնածուների անուններ արդեն հայտնի են. ապրիլի 6-ին այս պաշտոնում առաջադրվելու մտադրություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, իսկ շաբաթավերջին` Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Բակո Սահակյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG