Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «2003-ի համեմատ` այս տարի նախընտրական շրջանը շատ ավելի հանդարտ է»


Այս տարի նախընտրական շրջանում 2003 թվականի նախընտրական շրջանի համեմատ «շատ ավելի հանդարտ է ամեն ինչ, եւ դա նշան է հասարակության ու քաղաքական ուժերի հասունության»: Այս մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը` ուրբաթ օրը ընդունելով ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) փոխնախագահ, վեհաժողովի` Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկման առաքելության ղեկավար Տոնե Տինգսգարդին:

Թորոսյանը նշել է, որ առաջիկա ընտրությունների կապակցությամբ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են խորհրդարանի 6 խմբակցություններից 5-ի («Օրինաց երկիր»-ը հրաժարվել է) եւ 2 պատգամավորական խմբերի ներկայացուցիչները: Խմբի քարտուղարությունը ապրիլի 16-ից պատրաստ է գրառել դիտորդական առաքելությունների նկատած թերությունները` դրանք խմբին փոխանցելու եւ արագորեն վերացնելու նպատակով:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Տոնե Տինգսգարդը միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելության նպատակը ձեւակերպել է իբրեւ աջակցություն, որպեսզի հայաստանյան ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին:

Նախընտրական շրջանն առավել կարեւորելով քվեարկության օրից` նա Ազգային ժողովի աշխատանքային խմբի հետ սերտ աշխատելու պատրաստակամություն է հայտնել:

Տոնե Տինգսգարդը նշել է, որ հաջողվել է ստեղծել լավ Ընտրական օրենսգիրք, եւ կարեւորել է հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ:

Նա ասել է, թե այս փուլում կոնկրետ խնդիրներ չկան, եւ պատրաստակամություն է հայտնել մայիսյան այցի ժամանակ վերստին հանդիպել Ազգային ժողովի նախագահին ու աշխատանքային խմբի անդամներին:

Նույն օրը Ազգային ժողովի նախագահը ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Հայաստանում ընտրությունները դիտարկող ժամանակավոր հանձնաժողովի պատվիրակությանը` Լեո Պլատվոյետի գլխավորությամբ:

Հանդիպման ժամանակ այլ հարցերի թվում կողմերն անդրադարձել են վճարովի քաղաքական գովազդի գներին:

Լեո Պլատվոյետը կարծիք է հայտնել, որ այդ գները կենսամակարդակի համեմատությամբ բարձր են, սակայն Տիգրան Թորոսյանի գնահատականով` 2003 թվականի ընտրությունների համեմատությամբ դրանք համարյա նույնն են մնացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG