Մատչելիության հղումներ

Ախալքալակի ռուսական ռազմակայանից տեխնիկայի դուրսբերումը հետաձգվել է մինչեւ վաղը


Ախալքալակի ռուսական ռազմակայանի գույքով եւ տեխնիկայով բեռնված` այս տարվա առաջին ավտոշարասյան դուրսբերումը Վրաստանից, որ նախատեսված էր այսօր, հետաձգվել է մինչեւ ուրբաթ:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Ախալքալակում ռուսական ռազմակայանի հրամանատարության ներկայացուցիչը, նման որոշում է ընդունվել, քանի որ Ախալքալակից մինչեւ Հայաստանի սահման շուրջ 50-կիլոմետրանոց բարձրլեռնային ավտոճանապարհի շատ հատվածներ ծածկված են ձյունով, եւ որպեսզի շարասյունը չշարժվի երեկոյան, երբ մայրուղին չի լուսավորվում:

Նրա հավաստմամբ, ռազմակայանի գույքով եւ երեք միավոր ավտոտեխնիկայով բեռնված ավտոշարասյունը պատրաստ է մեկնել Հայաստան, եւ ապրիլի 13-ի առավոտյան այն կուղեւորվի Գյումրիի ռուսական ռազմակայան:

Ապրիլի 19-ին Ախալքալակից Հայաստան կուղեւորվի երկրորդ նման ավտոշարասյունը, իսկ մինչեւ մայիսի վերջը` եւս չորս ավտոշարասյուն:

Մայիսի 17-ին եւ 24-ին գույքի եւ տեխնիկայի մի մասը երկու երկաթուղային շարժակազմերով փոխադրվելու է Ռուսաստան:

Ռազմակայանի ամբողջ ծանր տեխնիկան եւ սպառազինությունը Վրաստանից դուրս էր բերվել 2006 թվականին:

Ախալքալակից ռուս զինծառայողների դուրսբերման եւ օբյեկտների` Վրաստանին փոխանցման գործընթացը կավարտվի մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը:

Բաթումիի ռուսական ռազմակայանի տեխնիկայի եւ գույքի դուրսբերումը, որ սկսվել էր երկու տարի առաջ, կվերսկսվի առաջիկա ամսվա ընթացքում եւ կավարտվի հաջորդ տարի: Բաթումիի ռազմակայանը պետք է փակվի մինչեւ 2008 թվականի հոկտեմբերի 1-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG