Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը հակադարձում է պատգամավոր Հակոբյանի հայտարարությանը


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հակադարձեց Ազգային ժողովի պատգամավոր, պատգամավորության արդեն նախկին թեկնածու Հակոբ Հակոբյանի հայտարարություններին:

«Դուք գիտեք, որ [գլխավոր դատախազ] Աղվան Հովսեփյանը ցանկացած մարդու ցանկացած ձեւով կարող է գրել, կարող է բան անել … Ինքը երկրի համար առաջին թշնամին է, բոլոր քաղաքական սպանությունները կոծկողն է, այսինքն` կարող է ցանկացած մարդու հետ զրուցելիս ասել, իբր այդ մարդը առեւանգել է, եւ այլն, եւ այլն: Հիմնական քաղաքական սպանությունների գլխի վերեւը կանգնած է ինքը. սպանում են` ինքն էլ կոծկում է այդ ամեն ինչը», - երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Հակոբյանը:

«Հակոբ Հակոբյանի արտահայտությունների, նրա դատողությունների տրամաբանությունը արդեն մեր հանրությանը հայտնի է», - չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աղվան Հովսեփյանը: - «Դատախազությունը ոչ միայն այդ գործերով, այլ ընդհանրապես բոլոր գործերով` կապված ընտրությունների հետ, կապված հենց Հակոբ Հակոբյանի հետ, նրան առաջադրված մեղադրանքների հետ, պատրաստ է [տեղեկատվություն] տրամադրել յուրաքանչյուր դիտորդական առաքելություն ունեցող խմբի, կառույցի` թե միջազգային, թե տեղական»:

Հարցին, թե ինչո՞ւ է գործը միայն հիմա դատարան հասնում, երբ Հակոբյանին առաջադրված մեղադրանքների մի մասը վերաբերում է 90-ականների վերջին կատարած գործողություններին, Հովսեփյանը պատասխանեց. - «Որպես գլխավոր դատախազ դեռեւս 99 թվից հետամուտ եմ բոլոր այդ գործերին: Ի վերջո, հնարավոր եղավ անցած տարի միայն ամփոփել այդ մեղադրանքները, ապացույցները ձեռք բերել: Եվ գործն ուղարկվեց դատարան»:

«Այս գործերի քննության ընթացքում մենք, իհարկե, ունեցել ենք դժվարություններ, որոնք կարողացել ենք հաղթահարել», - ի պատասխան միայն հիմա այդ գործերը դատարան ուղարկելու պատճառներին վերաբերող հարցին ասաց երկրի գլխավոր դատախազը:

Հարցին, թե բացառո՞ւմ է արդյոք, որ Հակոբյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Աղվան Հովսեփյանը պատասխանեց. - «Նրան առաջադրված բոլոր մեղադրանքները զուտ քրեական հանցագործություններ են, տնտեսական ոլորտի` կապված մարմնական վնասվածքներ պատճառելու, խուլիգանության, զենքի կիրառման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետ: Որեւէ առիթ չկա ասելու, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդումներ կարող են իրականացվել»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG