Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իմ կուսակցությունը իմ երգ գրելն է», - ասել է երգիչ եւ երգահան Ռուբեն Հախվերդյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում: Նա վստահ է, որ մի շարք մանր կուսակցություններ, որոնց շարքերում շատ են ազնիվ, ճշտախոս եւ սոցիալիստական հայացքներ ունեցողները, պետք է համախմբվեն Դաշնակցության շուրջը, քանի որ, ըստ Հախվերդյանի, «հենց Դաշնակցությունն է մեր բոլորի հին ընկերը»:

«Փախչել այդ աղմուկ-աղաղակից» խորագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ը փոխանցում է գրող Դավիթ Հովհաննեսի հետեւյալ տեսակետը ընտրական գործընթացների վերաբերյալ. - «Այս քարոզարշավից խուսափելու համար պարկեշտ մարդուն մի բան է մնում, ասենք, մի ամսով հեռուստացույցն անջատել, փակել աչքերը, չլսել, թերթ չկարդալ, մի խոսքով՝ գլուխն ազատել, փախչել այդ աղմուկ-աղաղակից։ Բայց դա էլ թերեւս չի օգնի. դռնից դուրս անես, պատուհանից կմտնեն, պատուհանից դուրս անես, երդիկը ծակելով՝ գիշերը կպառկեն կողքդ»։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները որակելով իբրեւ «խաղ առանց ջոկերի»` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն առաձնացրել է. - «Առաջիկա ընտրությունները միայն որոշակի վերապահումով կարելի է անվանել միանգամայն ժողովրդավարական։ Սոցիոլոգիական բոլոր հարցումները վկայում են, որ քաղաքացիների մեծամասնությունը համարում է ընտրությունները որոշ չափով ժողովրդավարական, իսկ որոշ չափով՝ ոչ»։ «Եվ ընդհանրապես, արդի Հայաստանը չի կարելի անվանել ո՛չ ժողովրդավարական, ո՛չ էլ ավտորիտար պետություն», հաստատագրել է մեկնաբանն ու պարզաբանել. - «Ձեւավորվել է ինչ-որ միջին, «կիսաժողովրդավարական» մոդել, որի մեջ ընդհանուր առմամբ գտել են իրենց ե՛ւ հասարակությունը, ե՛ւ իշխանությունը։ Հասարակությունը շատ հարցերում բարդում է պատասխանատվությունն ու որոշումների ընդունման գործընթացը իշխանության ուսերին՝ հրաժարվելով իրական քաղաքական ընտրությունից»:

Պնդելով, որ հեռուստաեթերի միջոցով ընտրողների հետ շփման ու ընտրություններում ասելիքի ու լսելիքի հարցը լուծված չէ, ու ամեն ինչ արված է այդ խնդրի լուծումը թույլ չտալու համար, «Հայկական ժամանակ»-ի խմբագրականը փաստել է. - «Պետականորեն քաղաքական ուժերին հատկացվող 60 րոպե եթերաժամը բաժանվել է 2 րոպեանոց կտորների, եւ քաղաքական ոչ մի ուժ հնարավորություն չունի իր 60 րոպեն օգտագործել սեփական տրամաբանության շրջանակներում։ Եվ ակնհայտորեն անհնար է 2 րոպեանոց կտորներով ամբողջական ասելիք ներկայացնել հանրությանը, եթե անգամ քարոզարշավը տեւի 6 ամիս: Այն տրամաբանությունը, որով մեր իշխանությունները մոտեցել են այս խնդրին, հուշում է, որ նրանք լուծել են մեկ հարց. ամեն ինչ անել, որ քարոզչական եթերից որեւէ ասելիք չհնչի։ Եվ սա նրանց հիմնական նպատակն է»։

Ընտրողի նախընտրական հոգեվիճակը բնութագրելով` «Ժամանակ-Երեւան» թերթի առաջնորդողն այսօր փոխանցել է . - «Մեր հասարակությունը հիրավի մոլորեցված է ու շփոթված է՝ երբեք ընտրվելիք «ապրանքն» այսքան անորակ, այսքան միօրինակ ու «անայլընտրանք» չի եղել։ Միեւնույն ժամանակ` երբեք այդ «ապրանքն» այսքան խայտաբղետ, այքան գունագեղ ու խաբուսիկ չի եղել, ինչպես հիմա»։ «Ի՞նչ անի ընտրողը՝ ո՞ւմ տա իր թանկարժեք, մի հատիկ ձայնը, եթե այն չի պատրաստվում վաճառել կամ նվիրել», - հարցրել է գլխավոր խմբագիրն ու բխեցրել. - «Իրոք դժվար ընտրության առաջ է կանգնած շարքային քաղաքացին, որն ընտրություններ կոչված գործընթացում մի շահ ունի՝ Հայաստանի ապագան»։

Անդրադառնալով «Ֆայնենշլ թայմզ» թերթի հարցազրույցում վարչապետ Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքին, թե «դժվար է խոսել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին, երբ դուք պետք է բավարարեք բնակչության տնտեսական եւ սոցիալական կարիքները»` «Առավոտ»-ի առաջնորդողը հակադարձել է. - «Ժողովրդավարության պայմաններում վառելիք են բերում ոչ միայն «Միկա»-ն, «Ֆլեշը» եւ յուրայինների փոքր շրջանակ, այլ ցանկացած գործարար։ Արդյունքում փաստացի մենաշնորհը վերանում է եւ գներն իջնում են։ Եթե թերթերը մի ամիս գրում են, որ բնապահպանության նախարարը «սեփականաշնորհել է» ոսկու հանքերը, ապա ժողովրդավարական կարգերն դեպքում կամ նախախարն է դատի տալիս, կամ նրան մեկուսացնում են հասարակությունից։ Ժողովրդավարական երկրում խորհրդարանի պատգամավոր են ընտրվում ոչ թե փող ունեցող անգրագետ ավազակները, այլ օրենսդրության մեջ խորացած բանիմաց մասնագետները»։

«Ի՞նչ ազդեցություն կունենան առաջիկա ընտրությունները Հայաաստանի տնտեսության վրա» հարցին ի պատասխան «Հայք» պարբերականն այսօր փոխանցել է մի քանի փորձագետների գնահատականները։ Մասնավորապես, ֆինանսների նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը նկատել է. - «Օլիգարխացման այս գործընթացը դեռ երկար կշարունակվի, կարող եմ ասել՝ անսահմանափակ երկար։ Հաջորդ խորհրդարանն օլիգարխիայի էլ ավելի մեծ ազդեցության տակ կլինի, եւս 8 տարի հետո կունենանք ամբողջապես օլիգարխիկ խորհրդարան»։ Վիճակագրության նախկին նախարար Էդուարդ Աղաջանյանը, իր հերթին, փաստարկել է. - «Քաղաքական նույնիսկ ամենալուրջ գործընթացները չեն կարող ազդել մեր տնտեսության վրա։ Այս առումով շատ կանխատեսելի ու ամբուրդ տնտեսություն ունենք։ Մենք տնտեսական աճ կունենանք, եթե նույնիսկ ընտրությունները թեժ ընթանան»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG