Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարն արձագանքում է ՄԱԿ-ում ցուցահանդեսի հետաձգմանը


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեքշաբթի օրը արձագանքել է ՄԱԿ-ում Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի հետաձգմանը:

«Բավարար չէ, որ Թուրքիայի կառավարությունը կարծում է, թե կարող է իր պատմությունը թաքցնել սեփական ժողովրդից: Այժմ իրենց կոծկելու ու աղավաղման արշավը այնքան հեռուն է գնացել, որ կանխելու են «Ռուանդայից քաղված դասերը» խորագրով ցեղասպանության մասին ցուցահանդեսի բացումը», - տարածված հայտարարության մեջ ասել է Օսկանյանը:

Նյու Յորքում` ՄԱԿ-ում կայանալիք, Մեծ Բրիտանիայում գրանցված Aegis Trust ոչ կառավարական կազմակերպության կողմից հովանավորվող այս ցուցահանդեսը, որը պատմում է Ռուանդայի սարսափելի իրադարձությունների մասին, հետաձգվել է, որովհետեւ թուրքերը առարկություն են ներկայացրել մի նախադասության վերաբերյալ, որում անդրադարձ է արվում սպանդի ենթարկված հայերին եւ Ռաֆայել Լեմկինի եզրակացությանը, որ այդպիսի լայնածավալ ու կանխամտածված ջարդը ցեղասպանություն է համարվում:

«Ռաֆայել Լեմկինի աշխատանքը միջազգային արձանագրությունների եւ աշխարհի պատմության մասն է կազմում: Անթույլատրելի է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունը, որը հանձնառություններ ունի համաշխարհային խաղաղության պահպանման ուղղությամբ, հանդգնի այդպիսի անհանդուրժողականությամբ հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպությունում: Հայաստանը չի կարող ընդունել, որ աշխարհի պատմությունը, որ Ռուանդայի, Դարֆուրի ժողովուրդների ներկայիս տառապանքները եւ հայերի` անարդարության հիշողությունները ենթարկվեն այդպիսի սառնասիրտ ու ցինիկ անտեսման», - ասված է Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունում: - «Հեգնական է ու ամոթալի, որ Թուրքիայի դրդմամբ տեղ գտած այս հետաձգումը մի իրադարձության է առնչվում, որը նպատակ ուներ դասեր տալու, թե ինչպես պաշտպանել մարդու իրավունքներն ու կանխել ցեղասպանությունը: Փոխարենը, այստեղից քաղվելիք դասը պատմության ու պատմական հիշողության հանդեպ հարգանքի լիակատար բացակայությունն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG