Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը քվեների ծանրակշիռ տոկոս է ակնկալում


«Օրինաց երկիր» կուսակցությունը «լուրջ, ծանրակշիռ տոկոս» է ակնկալում առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Կուսակցության նախագահ, Ազգային ժողովի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը երկուշաբթի օրը` նախընտրական քարոզարշավի մեկնարկին, հայտարարեց, որ իրենք ակնկալում են «շատ լուրջ, ծանրակշիռ տոկոս». - «Տոկոսները որ ասեմ, շատ-շատ մարդիկ կխառնվեն իրար»:

Իշխանական կոալիցիայի նախկին անդամ կուսակցությունը քարոզարշավի մեջ է մտնում «Օրենք եւ արդարություն», «Ժողովրդի հետ, ժողովրդի համար» կարգախոսերով:

Ներկայացնելով «Օրինաց երկիր»-ի նախընտրական ծրագիրը` Արթուր Բաղդասարյանը կուսակցության անունից խոստացավ «երիտասարդության հանդեպ հատուկ պետական քաղաքականություն, բնակշինարարության ազգային ծրագիր, ուսանողական երկարաժամկետ վարկերի ներդրում, ընդունելության քննությունների վերացում, առաջին դասարանից՝ երկու օտար լեզվի ու համակարգչի ուսուցում, առողջապահական պարտադիր պետական ապահովագրության ներմուծում, կանանց կենսաթոշակային տարիքի իջեցում, հարկերի ու տուրքերի նվազեցում, ավանդների վերադարձի շարունակում, կոռուպցիայի դեմ իրական պայքար, աստիճանաբար անցում պրոֆեսիոնալ բանակի, Իրան ֊- Հայաստան երկրորդ գազամուղի կառուցում»:

Արտաքին քաղաքականության մեջ կուսակցությունը, Բաղդասարյանի խոսքերով, հետապնդելու է հետեւյալ նպատակները. - «Եվրոպական կառույցների հետ հետեւողական հարաբերութունների խորացում` նպատակ ունենալով անդամակցել Եվրոպական միությանը, Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացում, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ ու փոխշահավետ կարգավորում»:


Ռուզաննա Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG