Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը


Կիրակի օրը Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց մայիսի 12-ին անցկացվելիք Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը:

Անցած շաբաթ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կատարեց համամասնական ընտրակարգով կուսակցությունների եւ դաշինքների առաջադրած ընտրական ցուցակների գրանցումը, 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները` մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների գրանցումը:

Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 27 կուսակցություններից գրանցվեցին 24-ը, գրանցվեց նաեւ առաջադրված միակ` «Իմպիչմենտ» դաշինքը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Ազգային ժողովրդավարական, «Ազգային համաձայնություն», «Ազգային միաբանություն», «Բարգավաճ Հայաստան», «Դաշինք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Ժառանգություն», Ժողովրդական, «Ժողովրդավարական ուղի», Հայաստանի առաջադիմական, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի երիտասարդական, Հայաստանի ժողովրդական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, Հայաստանի մարքսիստական, Հայոց համազգային շարժում, «Հանրապետություն», Միավորված աշխատանքային, Միացյալ ազատական ազգային, «Նոր ժամանակներ», Սոցիալ-դեմոկրատական հնչակյան, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունների ընտրական ցուցակները:

Ընտրատարածքային հանձնաժողովները գրանցել են սկզբնապես առաջադրված 173 թեկնածուներից 141-ին:

Ընտրատարածքներից 7-ում առաջադրված են մեկական թեկնածուներ, այդ թվում թիվ 7 ընտրատարածքում՝ ներկայիս գումարման Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական Սամվել Ալեքսանյանը, թիվ 8 ընտրատարածքում` պատգամավոր, անկուսակցական Հակոբ Հակոբյանը, թիվ 13 ընտրատարածքում` պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արմեն Պուրտոյանը, թիվ 20 ընտրատարածքում՝ պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Հրանտ Գրիգորյանը, թիվ 27 ընտրատարածքում՝ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մելիք Մանուկյանը, թիվ 28 ընտրատարածքում՝ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, թիվ 32 ընտրատարածքում՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ, Հանրապետական կուսակցության անդամ Սուրիկ Պողոսյանը:

Համամասնական ընտրակարգով կընտրվեն նոր խորհրդարանի 90, մեծամասնականով` 41 պատգամավորներ:

Քարոզարշավը կավարտվի մայիսի 10-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG