Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մեր կարեւորագույն խնդիրն է` ապահովել կառավարության աշխատանքների բնականոն շարունակությունը»


Հայաստանի նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանը չի կարծում, որ հիմա պետք է լուրջ փոփոխություններ լինեն կառավարության կազմում` «որովհետեւ մնացել է ընդամենը համարյա 40 օր աշխատելու, եւ մեր կարեւորագույն խնդիրը պետք է լինի` ապահովել կառավարության բնականոն աշխատանքների շարունակությունը»: «Որեւէ փոփոխություններ, համենայն դեպս` այս պահին, նախատեսված չեն», - լրագրողներին ասաց Սերժ Սարգսյանը, ով այսօր ներկա էր Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին:

«Չեմ կարծում, որ գործունեության ծրագրում էլ ինչ-որ փոփոխություններ պիտի լինեն: Համենայն դեպս, մենք ծրագիրը ուղարկելու ենք Ազգային ժողով: Բայց իմ կարծիքը այն է, որ ընտրություններից հետո այն քաղաքական ուժը, որը պետք է կազմի կառավարություն, արդեն լուրջ, նոր ծրագիր պետք է ուղարկի Ազգային ժողով», - ասաց վարչապետը:

Նա մեկ անգամ եւս շեշտեց, որ կառավարության ներկայիս կարեւորագույն խնդիրն է համարում աշխատանքների բնականոն շարունակությունը:

Սերժ Սարգսյանը չցանկացավ կանխատեսումներ անել, թե ո՞վ կնշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի եւ պաշտպանության նախարարի պաշտոններում, որոնցից ինքը ազատվել է վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

«Իսկ գիտնականների կյանքը կլավանա՞», - այս հարցին վարչապետը պատասխանեց. - «Կարծում եմ` այո: Մենք պայմանավորվեցինք, որ առանձին հանդիպում կունենանք, միգուցե` առանց լրագրողների, եւ բաց խոսակցություն կունենանք գիտնականների, մեր մտավորականների հետ, որպեսզի ես մինչեւ վերջ հասկանամ նրանց պրոբլեմները»:

Սերժ Սարգսյանը, փաստորեն, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջինը ակադեմիա եկավ:

Առավոտյան աշխատանքներն սկսած ընդհանուր ժողովի ժամանակ հաշվետու զեկույցով հանդես եկավ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG