Մատչելիության հղումներ

Ծաղկաձորում կանցկացվի ԱՊՀ-ի պետությունների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստը


Ապրիլի 10-13-ը Ծաղկաձորում տեղի կունենա ԱՊՀ-ի անդամ պետությունների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի (ՍԶՀԽ) հերթական` 57-րդ նիստը:

Հայաստանի Սահմանապահ զորքերի շտաբի տեղեկատվության համաձայն՝ նիստի աշխատանքին մասնակցության հայտեր են ներկայացրել ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի, ԱՊՀ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Եվրասիական տնտեսական համագործակցության ինտեգրացիոն կոմիտեի քարտուղարության, ԱՊՀ-ի անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչները:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի փոխանցմամբ` նիստում քննարկվելու են միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ԱՊՀ-ի ծրագիրը, փոխգործակցության սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման, ապօրինի միգրացիային, թմրաբիզնեսին, մաքսանենգությանը, ԱՊՀ-ի պետություններով զենքի, ռազմամթերքի ապօրինի փոխադրմանը հակազդեցության հրատապ հարցեր եւ այլ խնդիրներ:

Նիստի նախօրեին՝ ապրիլի 10-11-ը, տեղի կունենան ԱՊՀ-ի պետությունների սահմանապահ գերատեսչությունների ներկայացուցիչ-փորձագետների աշխատանքային հանդիպումներ, ինչպես նաեւ կանցկացվի Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ պետությունների սահմանային հարցերով խորհրդի նիստ, ԱՊՀ-ի պետությունների սահմանապահ գերատեսչությունների սահմանային վերահսկողության մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպում:

Տեղի կունենա նաեւ «ԱՊՀ-ի անդամ պետությունների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների միջազգային ակումբ» միջազգային կազմակերպության հիմնադիրների ընդհանուր ժողովը:

Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի 1992 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG