Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Լիցկայի բարեկամների հերթական «քաջագործությունը» վերնագրի ներքո գրում է. - «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայր Աղալարը` «Հոպոպ» մականունով, շուրջ մեկ շաբաթ առաջ տեղական մի խանութում վաճառվող պահարանների արանքում փորձել է աղջիկ բռնաբարել: Ըստ «Առավոտ»-ի վստահելի աղբյուրի` Աղալար Խաչատրյանը եղել է թմրադեղերի ազդեցության տակ: Ուշագրավ է դեպքի ականատեսների արձագանքը, որոնք վախեցել են օգնություն ցույց տալ աղջկան: Խանութի աշխատակիցները զանգել են մարզպետի թիկնապահին եւ կանչել օգնության: Հենց Լիցկայի թիկնապահն էլ փրկել է աղջկան, որին մինչ այդ «Հոպոպն» ահագին վնասել է` կծոտել է եւ այլն»: Թերթի աղբյուրը նաեւ պնդում է, որ Սուրիկ Խաչատրյանը աղջկա հարազատներից ներողություն է հայցել եղբոր արածի համար, խնդրելով, որ չդիմեն իրավապահներին:

Անդրադառնալով այսպես կոչված կեղծ ընդդիմության խնդրին` «Հայոց Աշխարհ» թերթի առաջնորդողն այսօր նկատել է. - «Կեղծ լինելու մեջ կասկածվում են առաջին հերթին այն կուսակցությունները, որոնք ընդդիմության ճամբար են անցել իշխանությունից»։ «Այդօրինակ դաշնակիցը չի կարող հուսալի լինել։ Նա չափազանց լավ է յուրացրել հայրենի քաղաքական կյանքի գլխավոր կանոնը. ճիշտ ժամանակին դավաճանիր», - հատկորոշել է թերթն ու հավելել. - «Նայում ես ազատագրական շարժման հայրենի առաջնորդներին. կարծես թե նորմալ մարդիկ են։ Գդալը ականջը չեն խոթում, ձմռանը թիթեռ չեն բռնում։ Բայց այդ դեպքում որտեղի՞ց այդ սեւեռուն ցանկությունը՝ ամեն գնով պարզելու, թե ով է իրենցից կեղծ, իսկ ով՝ իսկական... Հանդարտվե՛ք, տղերք։ Չկա ձեր մեջ իսկական ընդդիմություն։ Բոլորդ էլ կեղծ եք։ Մի՞թե սալաթի նեխուրի ինտելեկտով այդ մարդիկ անկեղծորեն հավատում են, թե իսկապես վտանգավոր են ինչ-որ մեկի համար»։

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձի քաղաքական բաղադրիչը առանձնացնելով` «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանն այսօր շեշտադերել է. - «Այս օրերին կատարվածի վերաբերյալ վարկածների, ինչպես նաեւ մեկնաբանութունների պակաս չկա, սակայն, եզրակացությունը մեկն է՝ Ղուկասյանի դեմ մահափորձը մահափորձ է ընդդեմ քաղաքական կայունության եւ նախընտրական ու ետընտրական գործընթացների խաղաղ ընթացքի։ Ցանկանում ենք դա մենք, թե չենք ցանկանում, սակայն, այսօրվա դրությամբ, իր բոլոր շեղումներով եւ մեղքերով, Հանրապետական կուսակցությունը միակն է, որն ունակ է նախընտրական եւ ետընտրական միջոցառումները ապահովել առանց լուրջ ցնցումների։ Ավելին` սա միակ կուսակցությունն է, որը շահագրգռված է քաղաքական կայունության մեջ, իսկ ահա այն բանում, որ երկրում քիչ չեն ուժերը, որոնք հակառակ բանում են շահագրգռված, մեկ անգամ չէ, որ համոզվել ենք»։

«Հիմնական վարկածը» վերնագրի տակ «168 ժամ» թերթի առաջնորդողն այսօր փոխանցել է. - «Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձի պատճառների վերաբերյալ հիմնական վարկածը ոչ քաղաքական է։ Այս օրերին բոլորը խոսում են, որ Ղուկասյանը, չնայած իր «աստվածավախությանը», աչքի է ընկել իր արկածախնդիր պատմություններով։ Հատկապես, գյումրեցիներին հայտնի է նրա եւ նրա որդիների մասնակցությամբ տարբեր «ռազբորկաների» մասին։ Ընդ որում, արկածախնդրությունները հիմնականում ավարտվել են զինված բախումներով: Վերջին տարիներին Գյուրիում հաճախակիացել են օրը ցերեկով զինված «ռազբորկաները»։ Ըստ տարածված վարկածների՝ այդ մահափորձը կարող է լինել այդ դեպքերից մեկի շարունակությունը»։

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ հերթական բախումն է տեղի ունեցել Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի կողմնակիցների միջեւ: Ըստ թերթի` Վայքից ստացած լուրերի, Վայոց Ձորի մարզի թիվ 39 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Սերգեյ Բագրատյանի որդին` Բագրատ Բագրատյանը, ապրիլի 3-ի երեկոյան գնացել է Վայքի բնակիչ Գերասիմ Մարգարյանի տուն եւ նրան հրավիրել հոր գրասենյակ` ասելով, որ հայրը ցանկանում է խոսել նրա հետ: «Մարգարյանը հրաժարվել է նրա հետ գնալ` ասելով, որ ինքը խոսելու ոչինչ չունի, քանի որ համակրում է ՀՀԿ-ին: Սակայն Բագրատ Բագրատյանը իր ընկերների հետ նրան ստիպողաբար նստեցրել է ավտոմեքենան, տարել քաղաքից դուրս, ծեծի ենթարկել եւ հեռացել: Ըստ այդ լուրերի, Մարգարյանին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց», - գրում է «Հայկական ժամանակ»-ը, որի թղթակցին չի հաջողվել տեղի ունեցածի առնչությամբ մեկնաբանություններ ստանալ «Բարգավաճ Հայաստան»-ից:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG