Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը «Խորհրդակցելու չունի» խորագրի ներքո գրում է. - «Երեկ Ռոբերտ Քոչարյանը պետք է խորհրդակցություններ անցկացներ քաղաքական ուժերի հետ` Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելուց առաջ: Դա է պահանջում ՀՀ Սահմանադրությունը, եւ այդ մասին էր նախօրեին ասել նաեւ ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ՀՀԿ խորհրդի նիստից հետո: Խորհրդակցություններ, սակայն, այդպես էլ տեղի չեն ունեցել»: «Ըստ ամենայնի, Քոչարյանը Սահմանադրության այդ պահանջը կատարված է համարում` հաշվի առնելով այն, որ Անդրանիկ Մարգարյանի մահվանից մեկ օր անց ինքն արդեն հանդիպել է կոալիցիոն ուժերի հետ եւ քննարկել ՀՀ ապագա վարչապետի թեկնածության հարցը», - ենթադրում է թերթը եւ հիշեցնում. - «Քոչարյանը Սերժ Սարգսյանին վարչապետ է նշանակելու այսօր, վերջինիս` ՀՀ-ից բացակայության պայմաններում»:

Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակումը ստեղծված իրավիճակում ամենատրամաբանական տարբերակը համարելով` «Ազգ» թերթի մեկնաբանը շեշտել է. - «Միանգամայն հասկանալի է, որ հանրապետության նախագահի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելով` մի կողմից Հանրապետական կուսակցությունն ավելի մեծ քաղաքական կշիռ է ձեռք բերում, մյուս կողմից` ՀՀԿ-ի նկատմամբ ընտրողների կողմնորոշումների վրա սկսելու է Սերժ Սարգսյանի ֆենոմենը լրջորեն ազդել: Եվ եթե նկատի առնենք այս գործչի նկատմամբ հասարակության, մեղմ ասած, ոչ այնքան միանշանակ վերաբերմունքը, դեռ հարց է առաջանում՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը դրակա՞ն է ազդելու ՀՀԿ-ի իմիջի վրա, թե՞ հակառակը, եւ այս իմաստով որքանո՞վ էր տեղին ՀՀԿ-ի համար հենց այս պահին Սերժ Սարգսյանին առաջ քաշելը: Ի վերջո վերջինս ստվերային մակարդակով կարող էր ՀՀԿ-ի համար օգտագործել իր ունեցած լծակներն ու ռեսուրսները, եւ դրա համար այնքան էլ մեծ պատասխանատվություն չկրեր: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը, ստանձնելով վարչապետի պաշտոնը, ավելի մեծ պատասխանատվության տակ է հայտնվելու»:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձը «չափազանց լուրջ ու տագնապալից ահազանգ» համարելով պետությանը ու հասարակությանը` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը շեշտադրել է.- «Ձեւավորվել ու պահպանվում է մի առասպել, թե պատվիրված սպանությունը բացահայտելն անասելի բարդ է, գրեթե անհնար»։ «Բայց չէ՞ որ հայտնի են այն աստիճան հանգամանորեն, այնքան պրոֆեսիոնալ քողարկված սպանությունների դեպքեր, որոնք բացահայտելը, թվում էր, վեր է նույնիսկ Շերլոք Հոլմսի ուժերից», - գրել է մեկնաբանն ու պարզաբանել. - «Պատվիրված սպանությունները տիպիկ շուկայական ապրանք են։ Կատարողն անում է գործը պայմանագրով. զուտ կոմերցիոն գործարք։ Ըստ որում, շրջանառվում են մեծ գումարներ։ «Կեղտոտ փողերը» բոլոր չարիքների աղբյուրն են, իսկ երկրում այսօր այդ «կեղտոտ փողերը» չափազանց շատ են։ Փողով մարդասպաններ են վարձում։ Դարձյալ փողով, միայն թե անհամեմատ ավելի մեծ գումարով, վերացնում բոլոր հետքերը, փակում բերանները։ Միգուցե դա՞ է պատճառը, որ հանցագործությունները չեն բացահայտվում»։

Գյումրու քաղաքապետի դեմ մահափորձի թեման քննարկելով` «Հայք» թերթի մեկնաբանը որակել-փոխանցել է. - «Անկախ նրանից, թե ում դեմ է կատարվել մահափորձը, հարկ է արձանագրել, որ Հայաստանում տիրում են ամենաթողությունն ու սանձարձակությունը։ Եվ հանցավոր խմբավորումներն իրենց ներկլանային ռազբորկաներն անցկացնում են որտեղ ուզում են եւ երբ ուզում են»։ Թերթը հավելել է, թե «Վարդան Ղուկասյանի կողմնակիցները նախօրեին դեպքի վայրում եւ հիվանդանոցում լրագրողներին թույլ չեն տվել նկարահանումներ կատարել, մոտեցել եւ սպառնացել են նրանց». - «Իսկ բժիշկներին էլ ահաբեկել են, որ Ղուկասյանի կյանքը չփրկելու դեպքում իրենք կպայթեցնեն հիվանդանոցը»։

Ընտրությունների նախօրեին փաստելով, թե «քաղաքական բանավեճերը բացակայում են»` «Տարեգիր» թերթի մեկնաբանը նկատել է. - «Բազմակուսակցական համակարգի հետեւանքները, երբ պայքարի են ելել երկու տասնյակ կուսակցություններ, ընտրողին կանգնեցրել են անտարբերության շեմին: Ո՞ւմ են պետք այդ կուսակցությունների փրկչական ծրագրերը, երբ արդեն այդքան կուսակցությունների առատությունը վնասում է ընտրողի ակտիվությանը: Եվ երբ ընտրողները չտեսնեն գաղափարական բանավեճ, փորձելու են ընտրությունից առաջ իշխանական եւ ընդդիմադիր ճամբարներում գտնվողների գաղափարներին ծանոթանալ՝ հաշվի առնելով առաջինի գործունեությունը, երկրորդի՝ երազանքը իրականության փոխակերպելու ունակությունն ու հնարավորությունները, եւ այդ ամենից գլուխ չհանելով՝ փորձելու է մի կողմ քաշվել»։

Անդրադառնալով Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում Արմավիրի քաղաքապետի ընտրության ելքը վիճարկող հայցը ետ վերցնելու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի անսպասելի որոշմանը, «Ժամանակ-Երեւան» թերթն այսօր փոխնացել է. - «Արմավիրցիների մոտ երկու կարծիք կա. առաջինի համաձայն Գագիկ Ծառուկյանը վախեցել է մրցակցել մյուս թեկնածուի ետեւում կանգնած ապագա վարչապետ Սերժ Սարգսյանի հետ եւ, հասկանալով որ այդ մրցակցության մեջ ինքը պարտվելու է, հրահանգել է իր վարձած փաստաբաններին հետ վերցնել դիմումը։ Մյուս վարկածի համաձայն՝ Ծառուկյանը համաձայնության է եկել Արմավիրի գործող քաղաքապետի հետ, որ եթե վերջինս փոխհատուցի Աղաբաբյանի ընտրարշավի վրա ծախսած իր գումարները, ապա ինքը կհրահանգի ետ վերցնել դիմումը»։ Թերթը հավելել է իր տեսակետից ամենահավանական վարկածը, ըստ որի «դատարանում բացահայտվում էին այնպիսի ընտրակեղծիքներ, որոնց իշխանությունները պետք է դիմեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում, եւ դրանց բացահայտումն ու դրանց հեղինակների դատապարտումը կարող էր վատ նախադեպ լինել այն մարդկանց համար, որոնք ներգրավված են լինելու առաջիկա ընտրությունների ժամանակ իրականացվող ընտրակեղծիքների իրականացման պրոցեսին»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG