Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր կսկսի քննարկել Կոսովոյի քաղաքական ապագան


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր սկսելու է ՄԱԿ-ի հատուկ բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի ծրագրի քննարկումը, որով առաջարկվում է միջազգայնորեն վերահսկվող անկախության կարգավիճակ շնորհել Կոսովոյին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը օրերս պաշտպանել էր Ահտիսաարիի առաջարկը:

Անվտանգության խորհրդի նիստին նախատեսվում է Սերբիայի վարչապետ Վոյիսլավ Կոշտունիցայի մասնակցությունը: Ակնկալվում է, որ նա կվերահաստատի Ահտիսաարիի ծրագրի նկատմամբ պաշտոնական Բելգրադի ընդդիմությունը:

Կոշտունիցան հայտարարել է, թե Սերբիան հույս ունի, որ Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանը Սերբիային կօգնի պահպանել իր տարածքային ամբողջականությունը:

Ռուսաստանը դեռեւս որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել այն առնչությամբ, թե պատրաստվո՞ւմ է արդյոք կիրառել Անվտանգության խորհրդում վետոյի իր իրավունքը:

Պաշտոնական Մոսկվան հանդես է գալիս սերբերի եւ Կոսովոյի ալբանացի մեծամասնության միջեւ հետագա բանակցությունների օգտին, չնայած կողմներից ոչ մեկը մինչ օրս հնարավոր փոխզիջման նշաններ ցույց չի տվել:

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը երկուշաբթի օրը զգուշացրել է Կոսովոյում հնարավոր քաոսի եւ բռնությունների մասին, եթե Անվտանգության խորհուրդը չընդունի առաջարկվող ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG