Մատչելիության հղումներ

Քաղաքական ճգնաժամ` Ուկրաինայում


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն երկուշաբթի երեկոյան հրապարակել է եւ այսօր «Ուկրաինայի նախագահի պաշտոնական տեղեկագրում» ընդգրկել է երկրի Գերագույն ռադան լուծարելու եւ այս տարվա մայիսի 27-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը:

Նախագահի տեղեկագիրը պաշտոնականի կարգավիճակ է ստացել այս տարվա փետրվարի 14-ին: Նույնպիսի տեղեկագիր ուներ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման: Ընտրվելով երկրի նախագահ` Յուշչենկոն նախ վերացրել, ապա երկու տարի հետո վերականգնել էր այն:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Գերագույն ռադայի եւ կառավարության պաշտոնական հրատարակություններում նախագահի հրամանագիրը տեղ չի գտել, ինչը նշանակում է, որ այն չի համարվում ուժի մեջ մտած:

Խորհրդարանը անցած գիշեր որոշում է կայացրել Սահմանադրական դատարանում վիճարկել նախագահի հրամանագրի օրինականությունը:

Գերագույն ռադան նախատեսում է այսօր վերսկսել նիստը: Գիշերը նիստերի դահլիճում հերթապահել են պատգամավորական խմբերը, իսկ խորհրդարանի շենքը շրջապատել էին կառավարող կոալիցիայի կողմնակիցները:

Վարչապետ Վիկտոր Յանուկովիչը այսօր ուղերձ է հղել Ուկրաինայի ժողովրդին եւ խորհրդարանին, որում պնդում է, թե խորհրդարանը լուծարելու մասին նախագահի հրամանագրով «երկրում տեղի ունեցավ ոտնձգություն սահմանադրական կարգի նկատմամբ»:

Վարչապետի համոզմամբ, Յուշչենկոյի հրամանագիրը ուղղված է «իշխանության ուզուրպացմանը, օրինական ճանապարհով ընտրված խորհրդարանը ցրելուն»:

Յանուկովիչը, կարծիք հայտնելով, թե «Սահմանադրության երաշխավորը արել է երկրի համար աղետալի հետեւանքներ ունեցող քայլ», նախագահին սթափվելու, հրամանագիրը փոխելու ու քաղաքական ճգնաժամից ելք գտնելու նպատակով բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչ է արել:

Կիեւում այսօրվանից ցույցեր են սկսել կառավարող կոալիցիայի ներկայացուցիչները եւ կողմնակիցները` բողոքելով նախագահի հրամանագրի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG