Մատչելիության հղումներ

Ջուլի Ֆինլի. «Տարօրինակ է, որ [Հայաստանի] ղեկավարները վախենում են մամուլը դարձնել մատչելի»


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Նահանգների դեսպան դեսպան Ջուլի Ֆինլին «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում «տարօրինակ» համարեց, որ Հայաստանի ղեկավարները ընտրությունների շեմին «վախենում են մամուլը դարձնել մատչելի»:

Խոսելով մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդի բարձր սակագների մասին` Ֆինլին խորհուրդ տվեց դրանք վերահսկողներին իջեցնել սակագները. - «Ավելի լավ է իջեցնեք դրանք: Ինձ համար տարօրինակ է, որ այս երկրների ղեկավարները այսքան շատ վախենում են մամուլը դարձնել մատչելի, ավելի շատ թափանցիկություն ապահովել»:

«Դա ինձ համար միայն մեկ բան է նշանակում` որ ղեկավարները վախենում են կորցնել իրենց պաշտոնները: Իսկ գուցե սա նրանց համար ինչ-որ մի բանկային հաշվի վրա փող կուտակելու հնարավորություն է», - հավելեց նա` փաստարկելով, թե հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչու ազատ չի դարձվում մամուլը կամ չի իջեցվում քաղաքական գովազդի սակագինը:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանին մտահոգում է նաեւ Հայաստանում մամուլի ազատության վիճակը: Երեկ, երբ լրացավ «Ա1+»-ի փակման 5-րդ տարին, նա եւս մեկ անգամ դատապարտեց հեռուստակայանի փակումը եւ կոչ արեց վերաբացել այն:

«Չգիտեմ, թե բացի դատապարտելուց ինչ կարող է ասել Միացյալ Նահանգների առաքելությունը այս առթիվ», - հայտարարեց Ջուլի Ֆինլին:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը աջակցում է «Ա1+»-ի վերաբացմանը եւ քաջալերում է իշխանություններին վերաբացել այն:

Արեւմուտքից Հայաստան այցելած գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները` այդ թվում նաեւ ԵԱՀԿ-ի պաշտոնյաները հույս են հայտնում, որ մայիսի 12-ի ընտրությունները հնարավորություն են ընձեռում Հայաստանին փոխել այն բացասական միտումը, որ ձեւավորվել է անկախությունից հետո անցկացված ընտրություններում: Մարտին Երեւան Ժամանած ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Բորիս Ֆռլեցն ասել էր, թե «դժբախտաբար, Հայաստանի ընտրությունները մինչեւ հիմա չեն համապատասխանել ԵԱՀԿ-ի ժողովրդավարական չափանիշներին, եւ մայիսի խորհրդարանական ընտրությունները գուցե կարողանան շրջել այս անբարենպաստ միտումը»:

Ջուլի Ֆինլիի կարծիքով, Հայաստանը եւ մյուս երկրները, որտեղ ակնկալվում են խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, այդպիսի հնարավորություն ունեն:

Սակայն, ամերիկացի դիվանագետի կարծիքով, խնդիրն այն է, որ այս երկրների մեծ մասի իշխանությունները չեն ցանկանում հասկանալ, որ արդար ընտրությունները միայն ընտրության օրը չեն անցկացվում. - «Մինչեւ ընտրությունների օրը շաբաթներ, շատ շաբաթներ կան: Եվ այդ ժամանակաշրջանի ընթացքում տեղի ունեցող ամեն բան նույնքան կարեւոր է, որքան ընտրությունների օրվա ընթացքը»:

«Դա վերաբերում է հավաքներ անցկացնելու ազատությանը, մամուլի ազատությունը, թե արդյոք հեռուստատեսությունը, ռադիոն մատչելի՞ են բոլորի համար: Կարո՞ղ են արդյոք մարդիկ հավաքվել քաղաքի հրապարակներում քննարկումներ անցկացնելու համար», - հավելեց նա: Այս ամենը, ամերիկացի դիվանագետի կարծիքով, «նույնքան կարեւոր է, որքան քվեների հաշվարկը ընտրությունների օրը»:

Երբ անցած տարվա հոկտեմբերին ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը այցելեց Հայաստան, տեղական մամուլը հաղորդեց, որ նախագահ Քոչարյանը հրաժարվել է ընդունել նրան եւ որ ինքը` Ջուլի Ֆինլին շատ դժգոհ է եղել նախագահ Քոչարյանից: Սակայն երեկ նա հերքեց այդ տեղեկությունները` նշելով, որ Քոչարյանին անհարկի են քննադատել, եւ որ իր հանդիպումը Հայաստանի նախագահի հետ հաստատված չի եղել նախապես. - «Նա չկարողացավ այդ հանդիպումը տեղավորել իր ժամանակացույցում: Պատճառն այն չէ, թե ես պնդել եմ հանդիպման վրա, կամ ցանկություն եմ հայտնել հանդիպել նրան»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG