Մատչելիության հղումներ

«Միակ բանը, որի մասին Ստամբուլի ոստիկանությունը չէր նախազգուշացվել, Սամասթի սպիտակ գլխարկն էր»


Բացահայտվել է, որ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից շատ առաջ Տրապիզոնի անվտանգության տնօրինությունը Ստամբուլի անվտանգության տնօրինությանը մանրակրկիտ նախազգուշացում էր հղել ծրագրվող սպանության մասին: Թուրքական «Սաբահ» թերթի փոխանցմամբ, «միակ բանը, որ ընդգրկված չէր զեկույցում, սպիտակ գլխարկն էր», որ կրում էր սպանությունն իրականացրած 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթը:

«Ակոս»-ի խմբագրապետի սպանությունից 11 ամիս առաջ Ստամբուլի անվտանգության տնօրինության ստացած նախազգուշական նամակը պարունակել է ծրագրվող սպանության բոլոր մանրամասները: Դրանում, մասնավորապես, ասված էր. - «Յասին Հայալը ատում է հայերին եւ ծրագրում է սպանել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին` թուրքական ինքնությունը վիրավորելու համար»:

Այնուհանդերձ, Ստամբուլի հետախուզության բյուրոյի նախկին տնօրեն Իլհան Գյուլերը անտեսել էր նամակը եւ դրա վրա չէր հրավիրել Ստամբուլի ոստիկանապետի ուշադրությունը, ինչի համար էլ Դինքի սպանությունից մոտ երկու շաբաթ անց հեռացվել է աշխատանքից` սպանությունը չկանխելու մեղադրանքով, եւ նրա նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել:

Տրապիզոնցի ազգայնական Յասին Հայալը, որը խոստովանել էր, որ Սամասթին դրդել է Դինքի սպանությանը, ներկայումս կալանքի տակ է, եւ նրան մեղադրանք է առաջադրված:

Հրանտ Դինքը սպանվել է այս տարվա հունվարի 19-ին` «Ակոս»-ի խմբագրատան դիմաց:

Սպանության գործով կալանվել է շուրջ մեկ տասնյակ մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը տրապիզոնցի ազգայնականներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG