Մատչելիության հղումներ

Արայիկ Աղաբաբյանը բողոքարկել է Արմավիրի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը


Անցած կիրակի Արմավիրի քաղաքապետի ընտրություններում պարտություն կրած թեկնածուն դիմել է Արմավիրի առաջին ատյանի դատարան` բողոքարկելով համայնքի ղեկավար ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) որոշումը:

«Բողոքարկվել են ե'ւ քվեարկության արդյունքները, ե'ւ կայացրած որոշումը համայնքի ղեկավար ընտրվելու մասին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը պարզաբանեց Աղաբաբյանը:

Հարցին, թե ինչո՞ւ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում չբողոքարկեց քվեարկության արդյունքները ԸԸՀ-ում, Արայիկ Աղաբաբյանը արձագանքեց. - «Ես համոզված չէի, որ նրանք կկարողանային բավարարել իմ պահանջները»:

Նա հավելեց, որ հայց ներկայացրել է` հուսալով, որ կբացվեն ցուցակները եւ «իրականությունը ջրի երես դուրս կգա»:

Արայիկ Աղաբաբյանը մերժեց «Ազատություն» ռադիոկայանի համառ խնդրանքը` բարձրաձայնել իր ունեցած «բազմաթիվ կասկածներից» գոնե մեկը. - «Բազմաթիվ են, հիմա ես ո՞նց առանձնացնեմ դրանք: Ես չեմ էլ ուզենա շատ գաղտնիքներ այս պահին բացահայտել»:

Մարտի 25-ին Արմավիրում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել էր ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարի տեղակալ Ռուբեն Խլղաթյանը` շուրջ 1,5 հազար քվե ավելի ստանալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արմավիրի քաղաքային կառույցի ղեկավար Արայիկ Աղաբաբյանից:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG