Մատչելիության հղումներ

Թուրքիան քննադատում է ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովին


Թուրքիան քննադատել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը ընդունելու համար` պնդելով, թե այն «քաղաքական շարժառիթներ ունի»:

«Պարզ է, որ այդ բանաձեւը Սենատի օրակարգ բերելու նպատակը ծառայում է սոսկ քստմնելի սպանությունը քաղաքական նպատակներով շահարկելուն` 1915 թվականի իրադարձություններին անդրադառնալու միջոցով», - հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է նաեւ, որ երկրի կառավարությունը խստորեն դատապարտել է Դինքի սպանությունը, եւ «Ակոս»-ի խմբագրապետի հուղարկավորության ժամանակ մեծ թվով թուրքեր դուրս են եկել Ստամբուլի փողոցներ` ցույց տալու համար այդ ոճրագործության նկատմամբ իրենց արգահատանքը:

Ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` չորեքշաբթի օրը ընդունած բանաձեւը դատապարտում է Հրանտ Դինքի սպանությունը` որպես «փոքրոգության ամոթալի ակտ` կատարված օրենքի եւ արդարադատության նկատմամբ քամահրանքով», եւ արժանին է մատուցում ժողովրդավարական արժեքներին եւ մամուլի ազատությանը Դինքի նվիրվածությանը:

Բանաձեւը, մատնանշելով, որ «Ակոս»-ի խմբագրապետը «դատական հետապնդման էր ենթարկվում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով` հայերի 1915 թվականի կոտորածը ցեղասպանություն որակելու համար», կոչ է անում Թուրքիային վերանայել արտահայտվելու ազատությունը սահմանափակող այդ հոդվածը, ինչպես նաեւ` դիվանագիտական, քաղաքական եւ առեւտրական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

Հրանտ Դինքը սպանվել է այս տարվա հունվարի 19-ին` «Ակոս»-ի խմբագրատան դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG