Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը վարչապետ կնշանակվի ապրիլի 2-ին: «Նոր վարչապետի թեկնածության հարցին ՀՀԿ-ն անդրադառնալու է միայն Անդրանիկ Մարգարյանի մահվան 7 օրը լրանալուց հետո», - պարզաբանում է թերթը:

Վիճարկելով վերջին օրերին գերակշռող տեսակետը, թե վարչապետի թափուր պաշտոնը զբաղեցնելու է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` «Ազգ» թերթի մեկնաբանը հակադարձել է. - «Սերժ Սարգսյանը, որ հավակնում է վարչապետ լինել Ազգային ժողովի մայիսի 12-ի ընտրություններից հետո, բնականաբար, եթե Հանրապետականը համամասնականի գոնե 35 տոկոս ձայները ստանա, ոչ մի խնդիր չունի անցումային` մի 50-60 օրվա վարչապետ լինելու, նախորդի ծրագիրը կրկին ձեւական ներկայացնելու, ընտրությունների ողջ ընթացքի մութուլույսն իր վրա կրելու, փաստորեն արժեզրկվելու: Դա նրան մեծ վատություն կլիներ: Անցումային վարչապետ, եթե լավ մտածենք, կարող է լինել ամեն ոք, ով ի պաշտոնե մոտ է կանգնած կառավարության ամենօրյա աշխատանքին»:

«Սերժ Սարգսյանի՝ վարչապետ եւ ՀՀԿ նախագահ դառնալուց հետո Հանրապետական կուսակցությունը վերջնականապես կորցնում է իր գաղափարական հենքը եւ դառնում պաշտպանության նախարարի եւ նրա շրջապատի սեփականությունը», - գրել է այսօր «Հայք»-ի վերլուծաբանն ու մանրամասնել. - «Անդրանիկ Մարգարյանի օրոք ՀՀԿ-ն որոշ չափով կարողանում էր հասարակությանը ներկայանալ որպես ցեղակրոն գաղափարախոսության կրող եւ Հայաստանի ազգային շահերով մտահոգ կուսակցություն, սակայն, այսօր արդեն պարզ է, որ ոչնչով չի տարբերվելու իշխանական մյուս ուժից՝ «Բարգավաճ Հայաստան»-ից։ Դժվար չէ ենթադրել, որ ՀՀԿ-ի ներսում տեղի են ունենալու լուրջ վերաձեւումներ, եւ Մարգարյանի փոքրաթիվ կողմնակիցները կմնան լիակատար մեկուսացման մեջ, կամ էլ ստիպված կլինեն հավատարմության երդում տալ Սերժ Սարգսյանին»։

Նկատելով, որ Հայաստանի քաղաքական դաշտում «խաղի սցենարը չի փոխվել»` «Չորրորդ իշխանություն» թերթի վերլուծաբանը պարզաբանել է. - «Իրականում խաղի սցենարը պարզ է եւ շատերի համար հասկանալի։ Այն է՝ 2008-ին Սերժ Սարգսյանը պիտի դառնա ՀՀ նախագահ, Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապետ, եւ երկուսով պիտի շարունակեն ղեկավարել երկիրը»։ «Բայց այս երկուսը, հասկանալի է, իրար չեն վստահում», - պնդել է վերլուծաբանն ու բացատրել. - «Դրա համար էլ Ռոբերտ Քոչարյանը ստեղծել է «Բարգավաճ Հայաստան»-ը եւ ձգտում է խորհրդարանում շատ լուրջ ներկայություն ունենալ, որպեսզի Սերժ Սարգսյանը նախագահ դառնալուց հետո իրեն ոչ միայն «չքցի», այլեւ նախագահ դառնա բացառապես իր շնորհիվ։ Իսկ Սերժ Սարգսյանն իր հերթին վախենում է, որ եթե խորհրդարանական ընտրություններում ինքը չհաղթի, Քոչարյանն իրեն նույնիսկ վարչապետ չի նշանակի։ Հետագայում էլ կուզի՝ նախագահ կդարձնի, չի ուզի՝ չի դարձնի։ Այսինքն, իրականում Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ իրար չվստահող պաշտոնյաների հարաբերություններ են»։

«Իրատեսության պակասը» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը նախընտրական քարոզչությանն ընդառաջ բնորոշել է. - «Ընտրողները ցանկացած վերլուծության վերաբերում են այնպես, ինչպես կվերաբերեին սուրճի բաժակ նայելուն կամ մոմ թափելուն։ Այսինքն՝ մի մասը, լավատեսական մղումներից ելնելով, հույսն ու հավատը կապում է խոսքերի հետ եւ իրեն հաճելի խոսքերը լսելով, հանգիստ կատարում է իր քաղաքացիական պարտքը՝ մասնակցում ընտրությանն ու թախտին նստած՝ բախտին սպասում»։ «Ընտրողների մյուս մասն էլ հոռետեսական մղումներից ելնելով, ընդհակառակը, ոչ մի հույս ու հավատ չի տածում ոչ մի խոսքի նկատմամբ եւ իր համար անիմաստ խոսքերը լսելով, կատարում է իր քաղաքացիական պարտքը՝ մասնակցում ընտրությանն ու թախտին նստած՝ բախտին սպասում», - գրել է մեկնաբանն ու եզրակացրել. - «Եվ այսպես, տարեցտարի, ձգվում է բախտին սպասելու համաժողովրդական բախտանստացույցը։ Հետեւաբար, բնական է մեր երեկվա վիճակը, բնական է մեր այսօրվա վիճակը։ Ցավոք, բնական է լինելու նաեւ վաղվա՝ երեկվանից ու այսօրվանից ոչնչով չտարբերվող վիճակը։ Քանի դեռ մեզ պակասելու է իրատեսությունը»։

«Առավոտ»-ի փոխանցմամբ` բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, ում անունը հաճախ է հայտնվում լրատվամիջոցներում տարբեր սկանդալային պատմությունների առիթով, իր կառույցից քամում է հնարավոր ամեն ինչ՝ քաջ գիտակցելով, որ չի կարող հավերժ զբաղեցնել նախարարի աթոռը: Թերթը, ներկայացնելով Հետաքննող լրագրողների ընկերակցության դիտարկումները, շեշտել է, թե «ներկայումս ակտիվ բանակցային գործընթաց է ընթանում՝ նախարարին պատկանող հանքավայրերը վաճառելու ուղղությամբ». - «Բանակցություններին մասնակցում է անձամբ նախարարը: Գնորդների շարքում է հնդկական մի ընկերություն, իսկ հանքավայրերից միայն մեկի համար նախարարի նշանակած գինը մի քանի միլիոն դոլար է։ Սրանք Վարդան Այվազյանի մի քանի տասնյակի հասնող հանքավայրերից ընդամենը մի քանիսն են: Նախարարն առանձնահատուկ սեր ունի հատկապես ոսկու, պղնձի, մոլիբդենի եւ երկաթի հանքավայրերի նկատմամբ»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG