Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «Ցեղասպանության մասին Վաշինգտոնում հնչող պնդումները վտանգում են թուրք-ամերիկյան հարաբերությունները»


«Հայոց Ցեղասպանության մասին Վաշինգտոնում հնչող պնդումները վտանգում են թուրք-ամերիկյան հարաբերությունները». այս մեկ նախադասությամբ կարելի է ամփոփել այն ուղերձը, որ «Վաշինգտոն Թայմս» պարբերականի միջոցով ամերիկյան քաղաքական վերնախավին է փոխանցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլա Գյուլը:

«Այսօր, երբ Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները ողջ աշխարհում լուրջ մարտահրավերների են դիմակայում` չկա թերեւս մեկ այլ պետություն Թուրքիայի նման, որ գտնվի այս համատեղ ջանքերի առաջին գծում», - պնդում է թուրք նախարարը: Հաջորդ պարբերութան մեջ, սակայն, Գյուլն արդեն զգուշացնում է. - «Ռազմավարական դաշնակիցների այս հարաբերությունները վտանգվում են առանձին մի խմբի գործողությունների արդյունքում, խումբ, որը բացառապես իր քաղաքական օրակարգին հետամուտ լինելով, այն վեր է դասում Միացյալ Նահանգների ազգային շահերից»:

Գյուլը հստակեցնում է, որ այդ խմբի մասին խոսելով ինքը նկատի ունի լոբբիստներին, որոնք Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պնդմամբ` «որոշել են քաղաքականացնել անցյալը`պատմության սեփական ընկալումը պարտադրելով ու անտեսելով Միացյալ Նահագների հիմնարար ու երկարաժամկետ շահերը»:

«Այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել իրենց հետ` հայերն անվանում են Ցեղասպանություն: Այս պարագայում հարկավոր է պարզել արդյո՞ք Օսմանյան կառավարությունը սիստեմատիկաբար եւ կանխամտածված կերպով պետական քաղաքականություն է իրականացրել` նպատակ ունենալով մասամբ կամ ամբողջությամբ ոչնչանցել նրանց: Այս հարցի պատասխանը կարող են տալ միայն գիտնականները», - համոզված է Աբդուլա Գույլը:

Նա հիշեցրել է, որ դեռ 2005 թվականին պաշտոնական Անկարան դիմել է Հայաստանի իշխանություններին` պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկով. - «Թուրքական բոլոր արխիվները, այդ թվում նաեւ` զինվորական, բաց են համաշխարհային գիտական շրջանակների համար: Փոխարենը հայկական կողմը իր կարեւորագույն արխիվները շարունակում է փակի տակ պահել», - պնդում է Գյուլը:

Անդրադառնալով Հրանտ Դինքի սպանությանը` Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հիշեցնում է, որ հայտնի լրագրողի հուղարկավորությանը հրավիրված էին նաեւ հայաստանցի պաշտոնյաները:

«Քանի դեռ մենք փորձում ենք ավելի բարվոք մթնոլորտ ստեղծել մեր հարաբերություններում` Հայաստանի իշխանությունները շարունակում են տարածել այն կեղծ պնդումը, թե թուրքերը կորցնում են Ցեղասպանությունը ճանաչելու հարմար առիթը», - գրում է Աբդուլա Գյուլը` հոդվածն ավարտելով յուրատեսակ կոչ-զգուշացումով. - «Որպես քաղաքական գործիչ ես հասկանում եմ այն ճնշումները, որ գործադրվում են: Մենք պարտավոր ենք դիմակայել դրանց` հասկանալով, որ յուրաքանչյուրիս կատարած ընտրությունը կարող է նաեւ հետեւանքներ ունենալ»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG