Մատչելիության հղումներ

Բաբայանի թեկնածությունը հանվել է «քաղաքական պայքարը միջանձնային փոխհարաբերություններից դուրս հանելու» նպատակով


«Դաշինք» կուսակցության ղեկավար անդամը կուսակցության քաղխորհրդի որոշումը` թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սամվել Բաբայանի թեկնածությունը հանելու վերաբերյալ, բացատրում է «քաղաքական պայքարը միջանձնային փոխհարաբերություններից դուրս հանելու» ձգտմամբ:

«Քաղաքական պայքարը տեղափոխվել է միջանձնային փոխհարաբերությունների ճշտման մակարդակ: Բացակայում է գաղափարական պայքարը», - «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը ասաց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը: - «Պետական ապարատը, օգտագործելով իր վարչական, ֆինանսական ռեսուրսները, գործի է դրել ճնշումների իր ողջ կարողությունը, ինչը ամենաայլանդակ դրսեւորումներով արտահայտվում է ողջ հանրապետությունում»:

Հիմնավորելով ասածը` Ղլեչյանը հիշեցրեց վերջերս Սյունիքի մարզում Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի նկատմամբ իրականացված անօրինականությունները:

«Մյուս կողմից, իրենց ընդդիմադիր հորջորջող որոշ քաղաքական ուժեր, որոնք ունեն ընտրական հանձնաժողովներում անդամներ ունենալու իրավունք, թեեւ նախապես խոստացել էին համագործակցել ընտրակեղծիքները կանխելու հարցում, այնուամենայնիվ, խոսքը գործի չեն վերածում: Մեր ունեցած տեղեկություններով, նրանք լայն համագործակցություն են սկսել իշխանությունների հետ»:

Ղալեչյանը, սակայն, հրաժարվեց բարձրաձայնել, թե կոնկրետ ո՞ր ընդդիմադիր կուսակցություններն են դրանք: Նշենք, որ ընտրական հանձնաժողովներում ընդդիմադիր ուժերից ներկայացուցիչներ ունեն «Արդարություն» դաշինքը, «Ազգային միաբանություն»-ը եւ, կարելի ասել` կոալիցիայի նախկին անդամ «Օրինաց երկիր» կուսակցությունը:

Գնել Ղլեչյանն ասաց նաեւ, որ քաղխորհուրդը եւ Սամվել Բաբայանը որոշումը կայացրել են` ընդառաջելով «որոշ ընդդիմադիր գործիչների հորդորներին` քաղաքական պայքարը միջանձնային փոխհարաբերություններից դուրս հանելու, ինչպես նաեւ հնարավոր ընդհարումները թիվ 37-ում կանխելու նպատակով»:

Հարցին, թե արդյոք իշխանությունների կողմից ճնշումներ կամ պարտադրանք եղե՞լ է, «Դաշինք» կուսակցության ղեկավար անդամը պատասխանեց. - «Ոչ մի նման բան չկա»:

Որոշակի ճնշումներ, այդուհանդերձ, եղել են: Այս ամսվա 13-ին մամուլում հրապարակումներ եղան, որ Սամվել Բաբայանին եւ «Դաշինք» կուսակցության մի քանի այլ անդամների հարցաքննել են Ազգային անվտանգության ծառայության քննիչները` ապօրինի զենք կրելու կասկածանքով: Կուսակցության անդամները ու նրանց առաջնորդը մինչեւ վերջ հրաժարվեցին բացատրություններ տալ, հաստատել կամ հերքել մամուլում տարածված տեղեկությունները:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների, Սամվել Բաբայանին գրանցման եւ մշտական բնակության վերաբերյալ տեղեկանք են տվել` պայմանով, որ կհանի իր թեկնածությունը թիվ 37 ընտրատարածքից: Գնել Ղլեչյանը այս կապակցությամբ ասաց, որ իր կուսակցության առաջնորդի փաստաթղթերը «կարգին վիճակում են»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG