Մատչելիության հղումներ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից պատվիրակություն չի մասնակցի


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի մասնակցելու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը` նկատի առնելով, որ Թուրքիայի իշխանությունների կողմից վերանորոգված եկեղեցին վերածվելու է թանգարանի եւ չի շարունակելու գործել որպես եկեղեցի` Պոլսո հայոց պատրիարքության հոգեւոր իշխանության ներքո, եւ որ բացման արարողությունը կատարվելու է զուտ աշխարհիկ արարողակարգով, այլ ոչ Հայ առաքելական եկեղեցու կանոնական ծեսի համաձայն:

«Թուրքիայի իշխանությունների կողմից հայ ժողովրդի քրիստոնեական բարեպաշտ զգացումների դեմ ուղղված այս գործողությունը չի կարող ընկալվել որպես դրական քայլ հայ եւ թուրք ժողովուրդների փոխմերձեցման ճանապարհին՝ առավել եւս ներկա դարի` ժողովուրդների գործակցության եւ կրոնների ու մշակույթների երկխոսության համընդհանուր ձգտումի համատեքստում», - ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:

Մարտի 29-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու հրավեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի անունով, ստացվել էր Վանի նահանգապետ Մեհմեդ Նիյազի Թանիլիրից` Հայաստանի արտգործնախարարության միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG