Մատչելիության հղումներ

Վարչապետի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են ստացվում


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են ստացվում պետությունների ու կառավարությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպություններից, դիվանագիտական ներկայացուցչություններից, Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական, կրոնական, մշակութային, հասարակական կազմակերպություններից:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ցավակցական հեռագրեր են հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշեւը, Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը, Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ սուլթան Բին Զաեդ ալ-Նահիանը, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը:

Ցավակցական ուղերձներ են հղել Լեռնային Ղարաբաղի վարչապետ Անուշավան Դանիելյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:

Ցավակցական հեռագրեր են ստացվել նաեւ «ԻՏԵՐԱ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի, Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միջազգային կոնգրեսի, Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) խորհրդի, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահության, Լեռնային Ղարաբաղի զոհված ազատամարտիկների հարազատների միության, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հայկական հանրագիտարանի աշխատակազմի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Հայաստանի գրողների միության, Հայաստանի նկարիչների միության անունից, բազմաթիվ արհեստակցական, կրթական, մշակութային, երկրապահների, հասարակական այլ կազմակերպությունների կոլեկտիվներից ու ղեկավարությունից:

Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին, հարազատներին եւ կուսակցական ընկերներին ցավակցական ուղերձներ են հղել հայաստանյան կուսակցությունները, այդ թվում` Հայ հեղափոխական Դաշնակցությունը, «Ազգային միաբանություն»-ը, «Դաշինք»-ը, «Օրինաց երկիր»-ը, «Ժառանգություն»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG