Մատչելիության հղումներ

Ընտրությունների նախնական արդյունքներով` Արմավիրի գործող քաղաքապետը կշարունակի պաշտոնավարել


Կիրակի օրը Արմավիրում անցկացված քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով` գործող քաղաքապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի մարզային կառույցի ղեկավարի տեղակալ Ռուբեն Խլղաթյանը պահպանել է իր պաշտոնը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Արմավիրի թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը, Ռուբեն Խլղաթյանը ստացել է 8322 ձայն, իսկ նրա մրցակից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արմավիրի քաղաքային կառույցի ղեկավար Արայիկ Աղաբաբյանը` 6844:

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 61 տոկոսը կամ 25884 ընտրողներից 15791-ը:

Գայանե Սուքիասյանի խոսքերով, եթե այսօր մինչեւ ժամը 14:00-ը կողմերից դիմում-բողոքներ չստացվեն, ժամը 16:00-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նիստ կանցկացնի եւ կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները:

Որեւէ դիմում-բողոք, արտառոց դեպք կամ իրադարձություն ընտրատարածքային հանձնաժողովը, ըստ դրա նախագահի, չի արձանագրել:

Այնուհանդերձ, Արայիկ Աղաբաբյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ պատրաստվում է բողոքարկել ընտրությունների արդյունքները:

«Երեկվա ընտրությունները լրիվ կազմակերպված ավանտյուրա էր, մեծ մասշտաբի կեղծիքներ են թույլ տրվել, ու նվազագույնը 4 հազար ձայնի խախտում է արվել», - հայտարարեց նա:

Կեղծիքները, ըստ Աղաբաբյանի, արվել են տարբեր մեթոդներով. - «Գործնականում դրանք կրկնակի, եռակի, քառակի քվեարկություններ են»:

Թեկնածուն հայտնեց, որ իրենք պատրաստվում են այսօր դիմում-բողոք ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG