Մատչելիության հղումներ

Վախճանվել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը


Կիրակի օրը կաթվածից մահացել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա առողջական վիճակը ճգնաժամային էր վաղ առավոտից: Անդրանիկ Մարգարյանը մահացել է տանը ժամը 13:20-ին:

Քաղաքային շտապօգնության ծառայության գլխավոր բժիշկ Արտեմ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ 12:56-ին կանչը ստանալուց հետո վարչապետի բնակարան մեկնել է միանգամից երկու սրտավերակենդանացման բրիգադ. - «Արձանագրվել է սուր սրտային անբավարարություն, սրտի կանգ, կլինիկական մահ»:

Պետրոսյանը հավելեց, որ կատարված սրտավերակենդանացման կոմպլեքս միջոցառումները արդյունք չեն տվել:

56-ամյա Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն էր 2000 թվականի մայիսից:

Մարգարյանը Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր է եղել 1995-1999 թվականներին: 1999-ին, դարձյալ ընտրվելով Ազգային ժողովին պատգամավոր, ղեկավարել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցությունը: 2003 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո շարունակել է պաշտոնավարել` ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձեւավորված կոալիցիոն կառավարությունը:

Անդրանիկ Մարգարյանը իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահն էր:

Վարչապետի մահվան կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մեզ համար, երկրի, կուսակցության, իր ընկերների համար սա չափազանց մեծ կորուստ էր: Անդրանիկ Մարգարյանի անվան հետ է կապված, իր մեծագույն ներդրումների շնորհիվ է արձանագրվել եւ կուսակցության հաջողությունները վերջին տարիներին, եւ երկրում արձանագրված հաջողությունները», - ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում լրագրողներին ասաց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը. - «Վստահ եմ, որ կուսակցությունը կկարողանա ուժ գտնել իր մեջ` տանելու չափազանց ծանր այս կորուստը»:

Երեկ երեկոյան Երեւան վերադարձավ ՀՀԿ-ի խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Պաշտպանության նախարարը Մոսկվայում էր, որտեղից մարտի 26-ին պետք է պաշտոնական այցով մեկներ Չինաստան, սակայն, նախարարի մամլո քարտուղարի փոխանցմամբ, տեղեկանալով Անդրանիկ Մարգարյանի մահվան մասին` արդեն վերադարձել է Երեւան:

Ծրագրված այցը Բելառուս հետաձգել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, վարչապետի վաղաժամ մահվան կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Մարգարյանների ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին` հայտնելով իր խորը կսկիծն ու կարեկցանքը:

Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է հուղարկավորության պետական հանձնաժողով, որը գլխավորում է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են տարածքային կառավարման, պաշտպանության, արտաքին գործերի, առողջապահության, ֆինանսների եւ էկոնոմիկայի, մշակույթի նախարարները, Հայաստանի նախագահի եւ կառավարության աշխատակազմերի ղեկավարները, Երեւանի քաղաքապետը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը:

Երեկ տեղի է ունեցել պետական հանձնաժողովի առաջին նիստը:

«Խորը ցավով սգում ենք անսպասելի մահը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի: Մեծ է կորուստը հայրենի մեր պետության, ժողովրդի եւ Մարգարյան ողբացյալ ընտանիքի», - ասված է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ցավակցական խոսքում, որը տարածել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական գրասենյակը: - «Վշտալի այս պահին հանուն Գերագույն Հոգեւոր Խորհրդի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` աղոթքով սրտակից ենք հանգուցյալի սգակիր այրուն եւ զավակներին, ՀՀ նախագահին, հայոց պետական ավագանուն, ննջեցյալի մերձավորներին ու կուսակիցներին եւ համայն մեր ժողովրդին: Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երկնից երանավետ հանգրվաններում լույսերի եւ խաղաղության մեջ ընդունի հանգուցյալի հոգին եւ Իր Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը պարգեւի վշտացյալ բոլոր սրտերին»։

Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ նախագահ Վլադիմիր Պուտինը խորը ցավակցություն է հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հանրապետության ողջ ղեկավարությանը, վարչապետի մերձավորներին եւ ազգականներին:

Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին:

«Միացյալ Նահանգները` Հայաստանի բնակչության հետ մեկտեղ, սգում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահը», - ասված է ուղերձում: - «Մենք արժանին ենք մատուցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանին իր ողջ կյանքի ընթացքում Հայաստանի կյանքում կատարած ներդրումների համար` սկսած «Ազգային միասնություն» այլախոհական կուսակցության շարքերում 1960-1970-ականներից մինչեւ խորհրդային իշխանությունից Հայաստանի անկախացումը նրա կատարած աշխատանքով մինչեւ կառավարության ղեկավարումը 2000 թվականից ի վեր: Վարչապետը եղել է Միացյալ Նահանգների արժեքավոր գործընկերը` մասնավորապես նախագահելով Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան ծրագրի կառավարման խորհրդում եւ կուռ կազմակերպական հիմքերի վրա դնելով ծրագիրը: Այս տխուր առիթով ես իմ ցավակցությունն եմ հղում ողջ հայ ժողովրդին»:

Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ ստեղծված հուղարկավորության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ վարչապետի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 27-ին ժամը 18:00-ին` մայրաքաղաքի Ավան թաղամասի Սայաթ-Նովա 8 հասցեում:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մարտի 28-ին ժամը 12:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա Հայաստանի վարչապետին վերջին հրաժեշտի արարողությունը:

Չորեքշաբթի օրը ժամը 15:00-ին տեղի կունենա հուղարկավորության արարողությունը Կոմիտասի անվան պանթեոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG