Մատչելիության հղումներ

Վախճանվել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը


Կիրակի օրը կաթվածից մահացել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա առողջական վիճակը ճգնաժամային էր վաղ առավոտվանից: Անդրանիկ Մարգարյանը մահացել է տանը ժամը 13:20-ին: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Քաղաքային շտապօգնության ծառայության գլխավոր բժիշկ Արտեմ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ 12-ն անց 56-ին կանչը ստանալուց հետո վարչապետի բնակարան մեկնել է միանգամից երկու սրտավերակենդանացման բրիգադ. - «Արձանագրվել է սուր սրտային անբավարարություն, սրտի կանգ, կլինիկական մահ»:

Պետրոսյանը հավելեց, որ կատարված սրտավերակենդանացման կոմպլեքս միջոցառումները արդյունք չեն տվել:

56-ամյա Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն էր 2000 թվականի մայիսից:

Մարգարյանը Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր է եղել 1995-1999 թվականներին: 1999-ին, դարձյալ ընտրվելով Ազգային ժողովին պատգամավոր, ղեկավարել է մեծամասնության կազմած «Միասնություն» խմբակցությունը: 2003 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո շարունակել է պաշտոնավարել` ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձեւավորված կոալիցիոն կառավարությունը:

Անդրանիկ Մարգարյանը իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահն էր:

Վարչապետի մահվան կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մեզ համար, երկրի, կուսակցության, իր ընկերների համար սա չափազանց մեծ կորուստ էր: Անդրանիկ Մարգարյանի անվան հետ է կապված, իր մեծագույն ներդրումների շնորհիվ է արձանագրվել եւ կուսակցության հաջողությունները վերջին տարիներին, եւ երկրում արձանագրված հաջողությունները», - ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում լրագրողներին ասաց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը. - «Վստահ եմ, որ կուսակցությունը կկարողանա ուժ գտնել իր մեջ տանելու չափազանց ծանր այս կորուստը»:

Տիգրան Թորոսյանը «Ա1+»-ին ասել է նաեւ, որ ՀՀԿ-ն խորհրդի նիստ կգումարի այսօր երեկոյան, երբ Երեւան կվերադառնա խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Պաշտպանության նախարարը Մոսկվայում է, որտեղից մարտի 26-ին պետք է պաշտոնական այցով մեկներ Չինաստան, սակայն, պաշտպանության նախարարի մամլո քարտուղարի փոխանցմամբ, տեղեկանալով Անդրանիկ Մարգարյանի մահվան մասին, արդեն վերադարձել Երեւան:

Ծրագրված այցը Բելառուս հետաձգել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG