Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի քաղաքագետը` հայաստանյան առաջիկա ընտրությունների վերաբերյալ


Ռուսաստանցի քաղաքագետ, «Պոլիտիկա» հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը «Նովոստի Արմենիա» կայքում հինգշաբթի օրը անդրադարձել է հայաստանյան առաջիկա համապետական ընտրություններին:

Նրա պնդմամբ, Հայաստանի ընտրողների մեծ մասը, ըստ սոցհարցումների, կարծում է, թե Սերժ Սարգսյանն է նախագահի պաշտոնում փոխարինելու Ռոբերտ Քոչարյանին:

«Ուժեղ, բայց ճկուն գործիչ, նա ամուր կապեր է ստեղծել ռուսական ղեկավար շրջանակների հետ», - գրում է Նիկոնովը՝ ավելացնելով, թե Սերժ Սարգսյանին «իրավամբ համարում են դեպի Մոսկվայի հետ համագործակցության խորացումը կողմնորոշված գործիչ», որը միաժամանակ «Արեւմուտքում խիստ ալերգիա չի առաջացնում»:

Իսկ որպեսզի Սարգսյանը նախագահի պաշտոնի համար իրական շանսեր ունենա, ըստ վերլուծաբանի, Հանրապետական կուսակցությունը, որի խորհրդի նախագահն է նա, պետք է իր առավելությունը ցույց տա Ազգային Ժողովի ընտրություններում: Մինչդեռ նրանց ցուցակի օգտին, ըստ հարցախույզի, պատրաստ է քվեարկել ընտրողների 21 տոկոսը:

Ռուս քաղաքագետը ընտրարշավի լիդեր է անվանում Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ը՝ այն անվանելով «իշխանական կուսակցության պահեստային տարբերակ, որի մեկնարկն ավելի հաջող էր, քան իշխանականինը». - «Իրեն՝ Ծառուկյանին, որը նախկինում երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, դժվար է Հայաստանի նախագահ պատկերացնելը, ու չի երեւում, որ նրա հավակնություններն այդքան հեռուն են գնում»:

Հինգտոկոսանոց արգելքը, Նիկոնովի կարծիքով, կարող են հաղթահարել երեք-չորսը: Ըստ նրա, հայկական Յուշչենկոյի դերին հավակնում է Արթուր Բաղդասարյանը, որն անցել է «բոլոր նախագահների զինակցից ու խորհրդարանի նախագահից մինչեւ գլխավոր ընդդիմադիրի էվոլյուցիան: Նրա ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցության 8 տոկոս վարկանիշի մասին խոսելով` ռուս քաղաքագետը գրում է. - «Դատելով ամերիկյան մամուլում Բաղդասարյանի հրապարակումներից, ԱՄՆ-ում կամ նրան դաշնակից երկրներում քաղաքական ուժեր կան, որոնք պատրաստ են խաղագումարը հենց նրա վրա դնել: Եվ հավանական է, որ հենց Բաղդասարյանի հետ է հնարավոր «նարնջագույն» սցենարի խաղարկումը»:

Ռուս քաղաքագետը ենթադրում է, որ Ազգային Ժողով անցնելու շանսեր ունի «Ազգային միաբանություն»-ը ( 7 տոկոս` ըստ հարցումների): Իսկ ՀԺԿ-ն, Վյաչեսլավ Նիկոնովի վկայակոչած անհասցե հարցումների համաձայն, «այսօրվա դրությամբ կարող է ձայների 3 տոկոս ակնկալել»: ՀՅԴ-ի համար 6 տոկոսի վարկանիշ ենթադրելով` քաղաքագետը գրում է. - «Դժվար թե նա կարողանա նախագահի ընտրություններում մրցունակ թեկնածու առաջադրել»:

Մյուս կուսակցությունները, ըստ վերլուծաբանի, վիճակագրական սխալանքի չափով վարկանիշներ ունեն, եւ ընտրություններում կարող են թերեւս միայն «փչացնողի» դեր կատարել:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG