Մատչելիության հղումներ

Կարագանովի կենտրոն. «Անդրկովկասը շարունակում է մնալ ռազմականացման առումով աշխարհի առաջատարը»


Ռուսական ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկը` Սերգեյ Կարագանովի «Արտաքին ու պաշտպանական քաղաքականության խորհուրդ»-ը ծավալուն մի հետազոտություն է հրապարակել, որի նպատակն է` կանխատեսել, թե ինչ դեր է խաղալու Ռուսաստանի Դաշնությունը առաջիկա տասնամյակում համաշխարհային քաղաքական պրոցեսներում:

Վերլուծությունը վերաբերում է ողջ աշխարհին, սակայն հիմնական շեշտը դրված է Ռուսաստան - Միացյալ Նահանգներ, Ռուսաստան - Եվրամիություն քաղաքական կապերի վերլուծության վրա: Աշխատության հեղինակները նաեւ փորձ են կատարել ըմբռնել, թե ինչ գործընթացներ են ծավալվելու հետխորհդային տարածքում մոտակա 10 տարիներին:

«Մինչեւ 2017 թվականը ԱՊՀ-ն կկորցնի իր վարչական ֆունկցիաները եւ ներկայիս տեսքով, ըստ ամենայնի, չի պահպանվի: Կգործեն միայն խորհրդակցական կառույցները, ինչպես նաեւ կոնկրետ ոլորտները կարգավորող մարմինները: Կպահպանվի հետաքրքրությունը հակաօդային համատեղ պաշտպանության հանդեպ», - գրում են ռուս փորձագետները:

Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպությանը (ՀԱՊԿ), ապա Կարագանովի կենտրոնի մասնագետների գնահատմամբ, այն եւս արդյունավետությամբ աչքի չի ընկնում. - «Կազմակերպության հեռանկարները մշուշոտ են: Ռուսաստանի հարավային սահմանները հնարավոր ապակայունացումից պաշտպանելու փոխարեն, այն կարող է ներքաշել երկիրը տարածաշրջանային ու միջպետական հակամարտությունների մեջ»:

Այս պայմաններում, ըստ վերլուծաբանների, Ռուսաստանը «կարող է դիմել միակողմանի քայլերի եւ ՀԱՊԿ-ի դերը ավտոմատ կերպով կդառնա ձեւական»:

Այն, որ Ռուսաստանի հարավային սահմանները ամենապայթյունավտանգն են, ռուս վերլուծաբանները այս հետազոտության մեջ մի քանի անգամ հատուկ շեշտում են` նշելով հնարավոր հակամարտությունների մի քանի օջախներ` Lեռնային Ղարաբաղ, Աբխազիա, Հարավային Օսիա:

«Անդրկովկասը շարունակում է մնալ ռազմականացման առումով աշխարհի առաջատարը», - նշում են զեկույցի հեղինակները` կոնկրետ թվերով ապացուցելով այս պնդումը. - «Միայն 2005 թվականին Հայաստանում ռազմական ծախսերի աճը կազմել է 20, Ադրբեջանում` 51, Վրաստանում` 137 տոկոս: Այս պայմաններում Անդրկովկասում ռազմական հակամարտության օջախի ի հայտ գալուց խուսափելը շատ դժվար կլինի»:

Ըստ ռուս մասնագետների, հնարավոր վտանգները շատ բազմազան են` հայ-ադրբեջանական պատերազմից ու Վրաստանի հսկողության տակ չգտնվող գոտիներում ռազմական գործողությունների վերսկսումից մինչեւ լուրջ ներքին ճգնաժամեր, որոնց հիմքում կրկին ազգային հարցն է լինելու:

«Անդրկովկասն այն տարածաշրջանն է, որտեղ արտաքին ուժերը առավելագույն կերպով են ազդում պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության վրա», - ասված է զեկույցում:

«Առաջիկա տասնամյակում հարավկովկասյան երեք պետություններից ուշադրության կենտրոնում է հայտնվելու Արդբեջանը», - համոզված են ռուս վերլուծաբանները: - «Ադրբեջանն այն աշխարհաքաղաքական ճեղքն է Իրանի ու Ռուսաստանի միջեւ, որի միջոցով հնարավոր է էներգակիրներն արտահանել Արեւմուտք: Անդրկովկասում ռազմավարական իրավիճակը առաջիկայում պայմանավորված է լինելու հենց Բաքվի վրա ազդեցություն սահմանելու համար մղվող մրցակցությամբ»:

Այս պայմաններում ի՞նչ է պետք է անի պաշտոնական Մոսկվան` Անդրկովկասը չկորցնելու համար: Սերգեյ Կարագանովն ու նրա գործընկերները սրա միանշանական պատասխանն ունեն. - «Առաջիկայում ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում աստիճանաբար կկենտրոնանա Ադրբեջանի վրա: Բաքուն սահմանակից է Մեծ Մերձավոր Արեւելքին եւ պայթյունավտանգ իրադրությունը Իրանի շուրջ կստիպի Արդբեջանին հավասարակշռել հարաբերությունները Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ»:

Բացի այդ, զեկույցի հեղինակները համոզված են, որ տեսանելի ապագայում, Ադրբեջանը չի կարողանա իրացնել այն հավակնությունները, որ ունի էներգետիկ դաշտում. - «Կասկածելի է, որ 2010 թվականին Արդբեջանը կարողանա այնքան նավթ արդյունահանել, որքան ցանկանում են ստանալ Բաքվի արեւմտյան գործընկերները: Սա է պատճառը, որ մինչեւ 2017 թվականը Հարավային Կովկասը չի վերածվի էներգակիրների լիարժեք տարանցիկ միջանցքի` չնայած Եվրամիության ու ԱՄՆ-ի ջանքերին»:

Առանձնապես վարդագույն չեն նաեւ Ադրբեջան - ՆԱՏՕ հարաբերությունների հեռանկարները. - «Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի` Ադրբեջանի հետ լիակատար մերձեցման ծրագրի ի հայտ գալը քիչ հավանական է: Փոխարենը Ադրբեջանին կառաջարկեն տարատեսակ գործընկերության ծրագրեր»:

Այլ է իրադրությունը Վրաստանում: Այս երկրին, ըստ զեկույցի հեղինակների, վերապահված է Դաշինքի «հենակետի, պահեստի ու հոսպիտալի դերը». - «Դա, սակայն, չի նշանակում, որ Վրաստանի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին երաշխավորված է: Այս հեռանկարին խոչընդոտում են սառեցված հակամարտություններն ու ներքին կառավարման ցածր մակարդակը»:

Բնութագրելով ներկայիս ներքաղաքական կացությունը Հարավային Կովկասում` ռուս փորձագետները նշում են, որ անդրկովկասյան քաղաքական վերնախավը պառակտված է արտաքին քաղաքական մի շարք կողմնորոշումների հետեւորդների միջեւ. - «Գերակշում են արեւմտամետ ուժերը, ներկայացված են ռուսական կողնորոշում ունեցող հոսանքները, զգացվում է նաեւ Իրանի ազդեցությունը, ինչը, սակայն, հնարավորություն չի տալիս հստակ ազգային ռազմավարություն մշակել»:

«Իսկ հետխորհդային տարածքում Ռուսաստանն ի վիճակի կլինի հաջողության հասնել միայն մեկ պարագայում` եթե մշակի քաղաքական, տնտեսական ու գաղափարախոսական մրցունակ մոդել», - պնդում են մոսկվացի վերլուծաբանները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG