Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը, «Դաշնակներն էլ կիսելու բան ունեն» վերնագրի ներքո անդրադառնալով ներկուսակցական հակասություններին եւ դրանց հետեւանքով առաջացած տրոհումներին, գրում է. - «Այդ ախտով կարծես թե չէր տառապում հայաստանյան քաղաքական դաշտի երեւի թե ամենափակ եւ կազմակերպված կուսակցությունը` Հայ հեղափոխական դաշնակցությունը: Վերջին շաբաթների ընթացքում, սակայն, քաղաքական շրջանակներում լուրեր տարածվեցին, որ այդ կուսակցության ներսում էլ այս առումով ամեն ինչ հանգիստ չէ: Մասնավորապես խոսվում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Միքայել Մանուկյանի միջեւ ծագած գրեթե բաց հակամարտության մասին»: «Քաղաքական շրջանակներում խոսում են, որ տարաձայնության պատճառը ոչ այնքան քաղաքական է, որքան` բիզնեսային: Հրանտ Մարգարյանը եւ Միքայել Մանուկյանն ունեն համատեղ բիզնես, այն է` Երեւանի կենտրոնում գտնվող «Մեղեդի» սրճարանը», - փոխանցում է թերթը:

«Հայոց Աշխարհ» թերթը, հերքելով «Հայկական ժամանակ»-ի՝ երեկ հրապարակած լուրը, թե փետրվարի 17- 21-ը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Ֆրանսիա մեկնած պատվիրակության 10 անդամներ Նիս քաղաքի կազինոներից մեկում մի գիշերվա մեջ մեկ միլիոն 200 հազար եվրո են տանուլ տվել, ինչը ցնցել է տեղի հայ համայնքը, հակադարձել է. - «Կարծում ենք, ե՛ւ հհշական թերթի ե՛ւ «հայ համայնքի» համար շատ ավելի շոկային իրադարձություն պետք է հանդիսանա թեկուզ այն հանգամանքը, որ իրականում ո՛չ քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ո՛չ էլ նախարար Կարեն Ճշմարիտյանը Հայաստանի պատվիրակության կազմում ներգրավված չէին, եւ մեծագույն ցանկության դեպքում անգամ չէին կարող այցելել Նիս փառապանծ քաղաքի խաղատուն ու տանուլ տալ այնտեղ աստղաբաշխական գումարներ։ Սույն փաստի արձանագրումից հետո պարզապես անիմաստ է ձանձրացնել ընթերցողներին կեղծ տեղեկատվության այլ ստերը բացահայտելով»։ «Որքան էլ ցավալի է դա խոստովանել, բայց, այնուամենայնիվ, լրագրողները հայոց աշխարհում երրորդ պատուհասն են դարձել, ապուշներից ու ճանապարհներից հետո», - բխեցրել է թերթը:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, հետեւելով իշխանամետ թեկնածուների հարցազրույցներին եւ ելույթներին, թերթի այսօրվա համարում եզրակացրել է. - «Ժողովրդին օգտակարգ լինելու համար դու պետք է կամ իշխանություն լինես, կամ էլ սերտաճած լինես նրա հետ, հակառակ դեպքում «օգտակար լինելու» որեւէ լծակ չունես։ Միայն «իշխանության մարդ» լինելով դու կարող ես զբաղվել բիզնեսով, չվճարել հարկերը եւ այդ չվճարած հարկերի՝ (այսինքն՝ ժողովրդից գողացած փողերի), չնչին մասը ծախսել «բարեգործությունների» վրա՝ դրանով իսկ «օգուտ բերել» ժողովրդին»։

«Ախտորոշումը՝ հիասթափություն» վերնագրի տակ «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը, ընտրազանգվածի նախընտրական տրամադրություններին անդրադառնալով, առանձնացրել է. - «Ընդհանրապես, տպավորություն է ստեղծվում, թե ագիտացիոն բանավեճերի թոհուբոհում ժողովրդի, ավելի ստույգ՝ նրա զգացմունքների մասին մոռանում են։ Այդ պատճառով նրա մի մասի մոտ այդ զգացմունքները սրվում են, մյուսների մոտ՝ նվաղում։ Պաշտպանական արձագանքը շատերին արդեն այժմ հարկադրում է նախապես ընտրել կողմնակի դիտորդի դերը։ Ի միջի այլոց, ինչպես էլ որ մեկնաբանվեն արդեն անցած եւ առաջիկայում կայանալիք ընտրությունները, դրանց հետ կապված ինչպիսի կանխատեսումներ էլ որ արվեն, մի բան միանգամայն ակնհայտ է բոլորի համար՝ ընտրողների ակտիվությունը մեծ հարցականի տակ է»։

«Ալյուրոտ հինգշաբթի» վերնագրի տակ «Հայք» պարբերականը, պնդելով, թե Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Սարգսյանի «գործերը վատ են», մանրամասնել է. - «Ըստ շրջանառվող լուրերի՝ Շահեն Հովասափյանի սպանության գործի շրջանակներում երեկ հարցաքննվել է անձամբ Լեւոն Սարգսյանը»։ «Հովասափյանի սպանությունը կատարելու մեղադրանքով օրերս ձերբակալվել էր Ալրաղացի Լյովիկի շրջապատից մեկը՝ Հայկ Իսրաելյանը։ Դրանից հետո իրավապահները հարցաքննության էին կանչել Լյովիկի թիկնազորի անդամներից Արմենին», - հիշեցրել է թերթն ու, չբացառելով Լեւոն Սարգսյանին ձերբակալելու տարբերակը, հավելել. - «Մնում է միայն սպասել՝ նրան կձերբակալեն ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո։ Չի բացառվում, որ այս պատմությունն ունենա շարունակություն»։

«Ժամանակ-Երեւան» թերթի տեղեկություններով, Հանրապետական կուսակցությունը առաջիկա ընտրություններին նախապատրաստվում է «ե՛ւ ավանդական մեթոդներով ե՛ւ նորացված տեխնոլոգիաներով»։ Թերթի փոխանցմամբ, օրերս ՀՀԿ-ում որոշում է կայացվել, թե «որ գործիչներն են լիազորված կուսակցության անունից հրապարակավ հայտարարություններ անել». - «Արդյունքում որոշվել է, որ ՀՀԿ շտաբի պետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը լրատվամիջոցներին չպետք է հարցազրույցներ տա, նա միայն զբաղվելու է կազմակերպչական հարցերով»։

«Ոտնձգություն «Առյուծ արքայի» դեմ» վերնագրի տակ «Ժամանակ- Երեւան» թերթը տեղեկացրել է. - «Երեկ անհայտ անձինք, որոնք հավանաբար առյուծի սիրտ էին կերել, փորձել են փչացնել Գագիկ Ծառուկյանի` «Հայաստան» հանրախանութի վրա փակցված մեծադիր լուսանկարը: Ինչ-որ եղանակով սպիտակ ներկ էր նետվել լուսանկարի վրա: Թեեւ լուսանկարը շատ չէր տուժել, սակայն կարեւորն այստեղ ոչ թե արարքի թողած էֆեկտն է, այլ փաստը, որ ինչ-ինչ անձինք փորձում են Քոչարյանի սիրելի օլիգարխի դեմ դուրս գալ: Անշուշտ չի բացառվում, որ սա նույն Քոչարյանի մյուս սիրելիների ձեռքի գործն է: Այսինքն` պայքարը գնում է ամենասիրելի ֆավորիտի կոչման համար»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG