Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել Հայկ Բաբուխանյանին


Ըստ «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) լրատվական ծառայության եւ Հայկ Բաբուխանյանի աջակցության խմբի տարածած հայտարարության` չորեքշաբթի օրը «ՍԻՄ-ի ընտրված եւ փաստացի գործող նախագահ Հայկ Բաբուխանյանին Երեւանի ոստիկանության քննչական վարչության ավագ քննիչ Ռ. Դարբինյանը քրեական մեղադրանք է առաջադրել: Բաբուխանյանը մեղադրվում է Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Խաչատրյանի արժանապատվությունը ստորացնելու մեջ»:

«Ուրբաթ օրը ոստիկանությունում ինձ հայտնեցին, որ կասկածյալի կարգավիճակում եմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բաբուխանյանը: - «Ինձ հարցեր տվեցին, ես հրաժարվել եմ պատասխանելուց եւ հայտարարություն եմ արել, որ այս ամենը իմ հանդեպ բացահայտ, ապօրինի քաղաքական հետապնդում է»:

«Քրեական գործը հարուցված է պատգամավոր Հրանտ Խաչատրյանի դիմումի հիման վրա», - հավելեց Բաբուխանյանը:

Հրանտ Խաչատրյանը հաստատեց դա: «Քրեական գործը հարուցվել էր գլխավոր դատախազին ուղղված իմ դիմումի հիման վրա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Դա եղել է այն բանից հետո, երբ հայտնի իր ասուլիսում Հայկ Բաբուխանյանը մի շարք զրպարտություններ արեց իմ հասցեին: Գործը հարուցվել էր վիրավորանքի հոդվածով, քննվում էր նաեւ զրպարտության պահը»:

Նա փոխանցեց, որ վերջին երեք-չորս շաբաթների ընթացքում մի քանի անգամ հրավիրվել է քննչական վարչություն եւ բացատրություններ է տվել:

Հրանտ Խաչատրյանի եւ Հայկ Բաբուխանյանի միջեւ հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ Խաչատրյանն ու իր կողմնակիցները չճանաչեցին անցած աշնանը կուսակցության 17-րդ համագումարում վարչության ընտրությունների արդյունքները` դրանք համարելով անօրինական:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG