Մատչելիության հղումներ

Global Gold-ը դիմել է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն` ընդդեմ Հայաստանի կառավարության


Հայաստանում ոսկու արդյունահանմամբ զբաղվող Global Gold ամերիկյան ընկերությունը դիմել է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն` Հայաստանի կառավարության դեմ արբիտրաժային վարույթ սկսելու պահանջով:

Ամերիկյանը ընկերությունը այս գործը դատարանում ներկայացնելու համար վարձել է King & Spalding բրիտանական իրավաբանական ընկերությանը:

«Մենք Հայաստանի կառավարության դեմ հայց ներկայացնելու համար մի քանի հիմնավորումներ ունենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց բրիտանական իրավաբանական ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Քեն Ֆլերյեն` հավելելով, որ «Հայաստանի կառավարությունը խոչընդոտում է Global Gold ընկերությանը, հրաժարվում է երկարաձգել հանքերի շահագործման արտոնագրերը»:

Նրա խոսքերով, Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը «խախտել է ԱՄՆ-ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ եղած ներդրումային պայմանավորվածությունը»:

Ֆլերյեն ասաց, որ Global Gold-ի փաստաբանները արբիտրաժային դատարանում կփորձեն նաեւ հիմնավորել, որ ընկերության գործունեությունը Հայաստանի կառավարությունը խոչընդոտել է այն բանից հետո, երբ բնապահպանության նախարարը 3 միլիոն դոլար կաշառք է պահանջել, եւ, մերժում ստանալուց հետո, սկսել է հետապնդել Global Gold-ին:

Ամերիկյան ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Պողոսյանը, որպես կոնկրետ օրինակ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ «Հանքավանի ոսկու հանքը իրենցից վերցրել են առանց դատական միջամտության, զրկել են լիցենզիայից, եւ հանքը այժմ նոր շահագործող ունի»:

Փաստաբանը նաեւ փոխանցեց, որ այժմ ամերիկյան ընկերության շատ պայմանավորվածությունների ժամկետները կրճատվել եւ Global Gold-ը կարող է զրկվել մի քանի այլ լիցենզիաներից եւս:

«Global Gold ամերիկյան ընկերությունը Հայաստանի կառավարությունից կպահանջի ֆինանսական փոխհատուցում», - ասաց Քեն Ֆլերյեն` հավելելով, որ փոխհատուցման չափը կորոշվի դատավարության ընթացքում` փորձագետների մասնակցությամբ:

Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը Համաշխարհային բանկի մեջ մտնող կառույց է, գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում:

Փաստաբանի խոսքերով, բուն դատական պրոցեսը կարող է ձգվել 1-2 տարի:

Նա նաեւ ասաց, որ Հայաստանի կառավարությունն արդեն տեղեկացված է իր դեմ արբիտրաժային վարույթ սկսելու` Global Gold-ի մտադրության մասին. համապատասխան նամակներ են ուղարկվել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին եւ Հայաստանի արդարադատության նախարարին:

Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ են Global Gold-ից վերցրել որոշ հանքավայրեր շահագործելու լիցենզիաները, պատասխանեց. - «Դրանց ժամկետը ավարտվել է: Ժամկետը ավարտվելու հիման վրա էլ վերցրել ենք»:

«Ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատելով իրենք ոչ մի անգամ չփորձեցին դիմել Հայաստանի Հանրապետության օրենսդրության», - հավելեց նախարարը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG