Մատչելիության հղումներ

Կրասնոդարի ծերանոցում հրդեհի պատճառով 62 մարդ է զոհվել


62 մարդ է զոհվել անցած գիշեր Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Եյսկի շրջանի Կամիշեւատսկայա ավանի ծերանոցում բռնկված հրդեհի հետեւանքով: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հրդեհի ժամանակ շենքում եղել է 93 մարդ, որոնցից փրկել հաջողվել է 30-ին:

Հրդեհի մասին ահազանգը Եյսկ քաղաքի հրշեջ բաժանմունքում ստացվել է տեղական ժամանակով գիշերվա ժամը 1:00-ին մոտ: Հրշեջները ժամանել են միայն մեկ ժամ անց, երբ ամբողջ առաջին հարկը բոցերի մեջ էր: Հրդեհը ամբողջությամբ մարվել է առավոտյան ժամը 5:00-ին մոտ:

Ըստ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության, մեծ թվով մարդկանց զոհվելուն նպաստել է հրդեհի մասին ուշ հաղորդելը, հաստատության անձնակազմի սխալ գործողությունները եւ հրշեջ բաժանմունքի հեռու գտնվելը:

Կրասնոդարի երկրամասի դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով` «երկու կամ ավելի մարդկանց անզգուշությամբ մահ պատճառելու» համար:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանել է, որ ծերանոցը 2006 թվականին երկու անգամ, որոնցից վերջինը` դեկտեմբերին, ստուգվել է հակահրդեհային վերահսկողության տեսչության կողմից: «Պարզվել է, որ տեսչության կողմից բացահայտված 30 խախտումներից 6-ը չեն շտկվել», - ասել է նախարարության ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG