Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 17-ը մարտի)

Հայաստանյան թերթերից մի քանիսի հրապարակումների համաձայն, մարտի 15-ին վիճաբանություն, այնուհետեւ` ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ: Ըստ «Հայք» օրաթերթի, սկզբում Էրեբունու թաղապետ, հանրապետական Մհեր Սեդրակյանը դժգոհություն է հայտնել իր ղեկավարած համայնքում «Բարգավաճ Հայաստան»-ի այդքան շատ գրասենյակների առկայությունից: Հետո նա սկսել է հանդիմանել համայնքի ավագանու անդամ, ԲՀԿ-ի տարածքային կառույցի ղեկավար Հարություն Կարապողոսյանին, որը հայտնի է «Սնխչի Հարութ» մականունով, ԲՀԿ-ի շարքերը համալրելու համար: Սեդրակյանն անgամ անպատվել է Կարապողոսյանին` անվանելով «անաղուհաց քրդի շուն», եւ պահանջել, որ նա այլեւս չերեւա իր աչքին: Վիճաբանությունն ավարտվել է ձեռնամարտով: «Ըստ շրջանառվող լուրերի, Սեդրակյանն իր կողմնակիցների հետ այնքան է ծեծել Կարապողոսյանին, որ վերջինս ստացել է լուրջ վնասվածքներ», - գրել է թերթը: - «Մհեր Սեդրակյանի կողմնակիցները նաեւ պատառոտել են ԲՀԿ-ի` Էրեբունի թաղամասում տեղակայված մի քանի գրասենյակի ցուցապաստառներ»: Ըստ թերթի աղբյուրների, Մհեր Սեդրակյանն իր կողմնակիցների հետ հրավիրվել է ոստիկանության Էրեբունու բաժին: «Բայց քանի որ կրքերը բավական թեժացած, իսկ իրավիճակն էլ այլեւս անվերահսկելի է եղել, կատարվածի վերաբերյալ անմիջապես տեղյակ է պահվել Ռոբերտ Քոչարյանին: Մարտի 15-ին երեկոյան ժամը 21-ի սահմաններում Ռոբերտ Քոչարյանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել եւ շտապ իր մոտ կանչել ՀՀԿ-ի խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին ու ոստիկանապետ Հայկ Հարությունյանին: Հավաստի աղբյուրների համաձայն, Ռոբերտ Քոչարյանն ընդգծված կերպով պաշտպանել է «Բարգավաճ Հայաստան»-ին: Նա Սերժ Սարգսյանից պահանջել է, որ վերջինս զսպի իր ցեղակրոն նժդեհական ընկերներին: Հակառակ դեպքում, Քոչարյանը խոստացել է անձամբ միջամտել», - տեղեկացնում է «Հայք»-ը:

«Հայկական ժամանակ»-ը գրել է. - «Բազմացուցակ ընտրական անցյալով հարուստ անձինք առկա են ոչ միայն իշխանական, այլեւ` ընդդիմադիր ցուցակներում: Եվ այս իմաստով ամենահետաքրքիրը, թերեւս, ՀԺԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ համար Ալբերտ Բազեյանի դեպքն է: 1995 թվականի ընտրություններին նա մասնակցել է իշխանական «Հանրապետություն» միավորման ցուցակով եւ եղել է 195-րդ համարը: 1999 թվականի խորհրդարանական ընտրություններում նա արդեն «Միասնության» համամասնական ցուցակում էր, որպես ՀՀԿ-ի անդամ: 2003-ի խորհրդարանական ընտրություններում նա «Արդարության» ցուցակում էր, բայց արդեն որպես «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ: 2007-ին նա ՀԺԿ-ի համամասնական ցուցակում է, բայց արդեն որպես «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար»: Ըստ թերթի, «Բազեյանի դեպքը հատուկ է նրանով, որ նրա տեղափոխությունները անկանոն չեն եւ տեղավորվում են որոշակի տրամաբանության մեջ»: «Քավ լիցի, մենք նրա անցած ուղին նկարագրում ենք ոչ թե նրա պատեհապաշտ, այլ անբախտ լինելը ցույց տալու նկատառումով», - ամփոփել է «Հայկական ժամանակ»-ը:

«Առավոտ» օրաթերթը անդրադարձել է քաղաքական կուսակցությունների` քարոզչական նյութեր պատվիրելու ձեւերին: Թերթի փոխանցմամբ, «պատգամավորներից շատերը նախընտրում են, որ գովազդային պաստառներում իրենց պատկերեն անպայման Մասիս սարի վրա կամ գոնե նրա ֆոնին, որ իրենց ձեռքում լինեն ցորենի հասկեր կամ նուռ, անպայման երեւան խաչքարեր, որպեսզի ընտրողներն իրենց հավատացյալի կերպարով տեսնեն»:

«Հայաստան ներմուծվող նավթամթերքների ներմուծման մենաշնորհի առյուծի բաժինը պատկանում է ղարաբաղյան կլանի կարկառուն ներկայացուցիչ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին (Ֆլեշ Բարսեղ): Հայտնի է, որ հատուկ այս կարգի մենաշնորհային ներմուծողների համար կազմակերպված «դրամի փոխարժեքի կայունացում» կոչվող օպերացիայի միջոցով մեր բնակչության եկամուտների մի հսկայական մասը գերշահույթի տեսքով հոսում է Բարսեղ Բեգլարյանի եւ նրա հովանավորների գրպանը», - գրել է «Ժամանակ Երեւան»-ը եւ շարունակել. - «Սակայն դժվար էր պատկերացնել, որ վերոնշյալը խիստ ռեալիստորեն հնարավոր է ներկայացնել տորթի միջոցով: Այո, այո. վերջերս «Ֆլեշ» ընկերությունում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ ներկաներին մատուցվել է մի տորթ, որի վերեւի մասում դրված է եղել բենզինի «կանիստր», որի վերեւի մասում դրված է եղել դոլարի նշանը, իսկ ներքեւից թափվել են դոլարները: Դրանք պատրաստված են եղել ճիշտ թղթադրամների չափով, ամերիկյան նախագահների նկարներով եւ իրական դրամանիշներից տարբերվել են միայն նրանով, որ տպագրված են եղել ոչ թե թղթի վրա, այլ թխված են եղել ալյուրից եւ շաքարից, իսկ միջոցառման մասնակիցները կերել են դրանք»: «Ժամանակ Երեւան»-ը ենթադրում է, թե «տորթը խորհրդանշել է Հայաստանը, որի վրա կանգնած Ֆլեշ Բարսեղը (կանիստրը) ու իր կլանը հսկայական հարստություն են դիզում` բենզին եւ դիզվառելիք ներմուծելու եւ այն իրացնելու միջոցով»:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրել է. - «Առայժմ ձյունը քաղաքական կատեգորիա չէ, թեեւ, ինչպես ասում են, խեղդվողը ձեռքը փրփուրներին էլ է գցում: Եվ չի բացառվում, որ ընտրություններից մշտապես չբավարարվող քաղաքական ուժը կամ ուժերը սկսեն պատճառաբանել, թե մարտի կեսին պատվերով տեղացած ու իրենց նախընտրական ծրագրերում չընդգրկված ձյունը կանխորոշեց քվեարկության արդյունքները»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG