Մատչելիության հղումներ

Երեւանում բացվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կենտրոնատեղին


Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով այսօր Երեւանում բացվում է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կենտրոնատեղին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գրասենյակի խոսնակ Ուրդուր Գունարսդոտիրը:

Անցած շաբաթավերջին Երեւան է ժամանել ԵԱՀԿ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության 20-հոգանոց առաջին խումբը: 12 երկրներից ժամանած դիտորդների խումբը ղեկավարում է Սլովենիայի նախկին արտգործնախարար Բորիս Ֆլերցը:

Դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալը Հայաստանում ընտրությունների ժամանակ արդեն իսկ դիտորդական առաքելություն իրականացրած Յան Գորվինն է:

Պատվիրակության կազմում են Լատվիայի, Գերմանիայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Սլովակիայի եւ այլ երկրների ներկայացուցիչներ:

Խոսնակի փոխանցմամբ, երկարաժամկետ դիտորդական առաքելության մյուս 26 անդամները Հայաստան կժամանեն հաջորդ շաբաթ, եւ մինչեւ մարտի վերջը դիտորդական խմբի կազմը ամբողջությամբ համալրված կլինի:

Մարտի վերջին կմեկնարկի հայաստանյան լրատվամիջոցների կողմից ընտրությունների լուսաբանման մոնիթորինգը, որը կիրականացնեն միայն արտասահմանցի փորձագետներ:

Նախատեսվում են նաեւ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների, խորհրդարանական ընտրություններին մասնակցող եւ չմասնակցող կուսակցությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Երկարաժամկետ դիտորդական առաքելության ներկայացուցիչների մի մասը կաշխատեն մարզերում:

Մայիսի 12-ի նախօրեին Հայաստան կժամանեն ԵԱՀԿ-ը ներկայացնող 300 դիտորդներ, որոնք կարճաժամկետ դիտորդական առաքելություն կիրականացնեն:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG