Մատչելիության հղումներ

Երկու ամսից Թուրքիայում կընտրվի երկրի 11-րդ նախագահը


Ուղիղ երկու ամսից` մայիսի 16-ին, Թուրքիայի խորհրդարանը կընտրի երկրի նոր` 11-րդ նախագահին: Վերլուծաբաններից շատերի կարծիքով, ամենահավանական թեկնածուն վարչապետ Ռեջեփ Էրդողանն է:

Գործող վարչապետը ընտրվելու լուրջ հնարավորություններ ունի: Թուրքական Սահմանադրության համաձայն, նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից, իսկ Էրդողանի չափավոր իսլամիստական «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն այսօր օրենսդիր մարմնի ձայների ավելի քան երկու երրորդի տերն է:

Թուրքիայի վարչապետը մի քանի օր առաջ հայտարարել էր. - «Այս անգամ նախագահի ընտրությունները լուրջ անակնկալներ են մատուցելու»:

Էրդողանի դավանած իսլամիստական հայացքները, սակայն, կարող են դառնալ նախագահության ճանապարհին նրա գլխավոր խոչընդոտը: Բավական սահմանափակ լիազորություններ ունեցող նախագահին Թուրքիայում ընկալում են, նախեւառաջ, որպես աշխարհիկ կարգերի երաշխավոր:

Այդ ավանդույթի հիմքը դրել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը, որը քաղաքական վերնախավի մի զգալի հատվածի, ինչպես նաեւ արեւմտամետ թուրքական բանակի հրամանատարության համար անառարկելի հեղինակություն է:

Քաղաքական դաշտի այս հատվածը չի թաքցնում իր դժգոհությունը Էրդողանի նախագահական հավակնություններից եւ նրա կնոջ` Էմինեի պահվածքից, որը գլխաշոր է կրում: Թուրքական օրենսդրությամբ ամրագրված է, որ պետական հիմնարկություններ եւ ուսումնական հաստատություններ գլխաշորով մուտք գործել չի կարելի:

«Արդյոք մենք պատրա՞ստ ենք, որ Թուրքիայի առաջին տիկինը գլխաշոր կրի», - այս հարցն այսօր թուրքական մամուլի էջերում բավական հաճախ է հնչում:

Ստեղծված իրավիճակը իշխող կուսակցության ղեկավարությանը ստիպել է տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչներին հատուկ հարցաշար ուղարկել, խնդրանքով` հստակեցնել, թե ո՞ւմ են Էրդողանից բացի նրանք տեսնում նախագահի պաշտոնում:

Թեկնածուների թվում են նաեւ արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլն ու խորհրդարանի խոսնակ Բյուլենթ Առընջը, որոնք երկուսն էլ, սակայն, հազիվ թե ընդունելի լինեն քաղաքական ու զինվորական վերնախավի համար, քանի որ նրանց տիկնայք էլ հավատացյալ են ու գլխաշոր կրելուց հրաժարվել չեն պատրաստվում` անգամ առաջին տիկին հռչակվելու դիմաց:

Այս պայմաններում, թուրքական աղբյուրների պնդմամբ, նախագահ կարող է դառնալ Էրդողանի կուսակցության` «անգլխաշոր» կին ունեցող սակավաթիվ պաշտոնյաներից որեւէ մեկը: Նրանց թվում Անկարայում հիշատակում են պետնախարար Մեհմեդ Այդինի ու պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի անունները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG