Մատչելիության հղումներ

«Նոր Լուվրը»` Պարսից ծոցում


Աշխարհում ամենաշատ այցելու ունեցող Լուվրի թանգարանը Փարիզում առաջին «Նոր Լուվրն» է բացում Արաբական Միացյալ Էմիրությունների՝ ներկայումս անմարդաբնակ մի կղզում, Աբու Դաբիի ցամաքային հատվածներում: Նոր թանգարանը կառուցվելու է 5 տարում, այն շրջապատելու է 29 շքեղ նոր հյուրանոց, այլ կառույցներ էլ են լինելու:

Ֆրանսիայի պատմության մեջ սա թանգարանային ամենամեծ գործարքն է: Նավթառատ, բայց թանգարանազուրկ Պարսից ծոցն անցյալ շաբաթ համաձայնել է Ֆրանսիային 1 միլիարդ 300 միլիոն դոլար վճարել՝ օգտագործելու համար «Լուվր» անունը եւ նրա նմուշներից մի քանի հարյուրը, ինչպես նաեւ մշակութային նմուշներ «Պիկասո» թանգարանից, «Պոմպիդու» կենտրոնից, Վերսալի դղյակից, ֆրանսիական այլ թանգարաններից:

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը գործարքը գնահատել է որպես կարեւոր միջոց՝ Իսլամի ու Արեւմուտքի միջեւ քաղաքակրթությունների բախումը մեղմելու համար:

Ֆրանսիացի շատ պատմաբաններ ու արվեստաբաններ, սակայն, սա համարում են ավելի վատ բան, քան երկրի գանձերը վարձով տալն է:

Թանգարանի նախկին էքսկուրսավար, 68-ամյա Դանիել Ալքոֆը, որը երկու տասնամյակ ղեկավարել է Լուվրի դեկորատիվ արվեստի բաժինը, ասում է, որ «անհարմար է զգում՝ նայելով, թե ինչպես է Ֆրանսիան վաճառքի հանել իր մշակութային ժառանգությունը»:

«Վաշինգտոն փոստ» թերթը գրում է, որ սա մասն է Ֆրանսիայի հեղափոխական նախաձեռնության՝ իր ազդեցությունը տարածել մշակութային արժեքների միջոցով. իսկ այս ոլորտում նա իսկապես աշխարհի թիվ մեկ գերտերությունն է:

Հունվարին «Պոմպիդու» կենտրոնը հայտարարեց Շանհայում մասնաճյուղ բացելու մտադրության մասին:

Նախագահ Շիրակն ասում է, որ թանգարանային համագործակցություն է ուզում նաեւ Ռուսաստանի, Հնդկաստանի, Աֆրիկայի ու Հարավային Ամերիկայի հետ:

Փարիզի Սորբոնի համալսարանը հոկտեմբերին մասնաճյուղ բացեց Աբու Դաբիում. առաջին արտերկրյա ընդլայնումը համալսարանի 750-ամյա պատմության մեջ:

Իսկ Նապոլեոն Բոնապարտի հիմնած էլիտար ռազմական ակադեմիան մտադիր է ռազմավարժական ակադեմիա բացել Պարսից ծոցի երկիր Քաթարում:

«Մեր թանգարանները չեն վաճառվում» կոչի ներքո ինտերնետային նամակը նախորդ շաբաթ արդեն ստորագրել էր 4700 արվեստաբան, ճարտարապետ, թանգարանային էքսկուրսավար կամ պարզապես հարցով հետաքրքված մարդիկ:

Լուվրի թանգարանի տնօրեն Անրի Լոյրեթը լրագրողներին փորձում է վստահեցնել, որ թանգարանի անգին զարդերը՝ «Մոնա Լիզան» ու «Միլոսյան Վեներան», երբեւէ չեն գնա «Նոր Լուվր»:

Ֆրանսիական մամուլն այս գործարքն անվանում է «Անապատի Լուվր», իսկ թոշակի անցած էքսկուրսավար Ալքոֆը՝ «մշակութային արժեքների արտագաղթ»:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG