Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատում ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ


ԱՄՆ-ի Սենատում չորեքշաբթի օրը ներկայացվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագիծ, որի նախաձեռնողներն են Սենատի մեծամասնության ղեկավարի տեղակալ Ռիչարդ Դարբինը եւ սենատոր Ջոն Էնսայնը:

Սենատի օրինագիծը նմանօրինակն է Ներկայացուցիչների պալատի թիվ 106 բանաձեւի նախագծի, որը այս տարվա հունվարի վերջին ներկայացրել են Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենկ Փալոունը, Ջո Նոլենբերգը, Բրեդ Շերմանը եւ Թադեուս ՄըքՔոթերը` մինչ այժմ ունենալով 180 համակիրներ:

«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, հանցագործություն ընդդեմ մարդկության, ջարդ, աքսոր, տանջանք եւ ստրկական աշխատանք: Վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի Միացյալ Նահանգները պարզորոշ արտահայտվի այս իրողության մասին», - հայտարարել է Դարբինը:

«Այսօր կարեւորվում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, երբ Սուդանի Դարֆուրի շրջանում շարունակվում է մեկ այլ ցեղասպանություն», - ասել է սենատորը եւ ընդգծել. - «Մենք Հայոց ցեղասպանությանը զոհ գնացածների հիշատակը պետք է հարգենք` ճանաչելով այն, ինչ տեղի է ունեցել, հավատարիմ մնալով ապագա ողբերգությունները կանխելու գործին»:

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է երկու կուսակցությունները ներկայացնող երկու տասնյակից ավելի սենատորների հավանությանն արժանացած այս նախաձեռնությունը:

«Ցավալի է, որ Հայոց ցեղասպանությունից 92 տարի անց նման հրեշավոր հանցագործությունները դեռեւս շարունակվում են աշխարհում», - ասել է Համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը: - «Ժամանակն է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես ճանաչի 1915 թվականի վայրագությունները»:

Սենատորներ Դարբինը եւ Էնսայնը նախորդ Կոնգրեսում նույնպես ներկայացրել էին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG