Մատչելիության հղումներ

Մոսկվայում չի կանգնեցվի «Միմինո» կինոնկարի հերոսների հուշարձանը


Գեորգի Դանելիայի «Միմինո» կինոնկարի հերոսների հուշարձան Մոսկվայում չի լինի: Երեկ երեկոյան միաձայն նման որոշում է կայացրել Մոսկվայի քաղաքային Դումայի հիմնարար արվեստի կոմիտեն:

Պատճառաբանությունը շատ հստակ է` կենտրոնական Չիստիյե Պրուդի շրջանում, ուր նախատեսվում էր կանգնեցնել հուշարջանը, կոմիտեի նախագահ Սերգեյ Տիտովի փաստարկմամբ` «առանց այդ էլ այնքան շատ արձաններ կան, որ եւս մեկով դրանց թվի ավելացումը նպատակահարմար չէ»:

Անցած աշնանը Մոսկվայի քաղաքային խորհրդարանը որոշել էր խորհրդային կինոյի ամենահայտնի կատակերգություններից մեկի` «Միմինո»-ի հերոսներից երեքին` Վալիկոյին, Խաչիկյանին ու Վոլոխովին մարմնավորող հուշարձանային համալիր կառուցել կինոնկարի ռեժիսորի` Գեորգի Դանելիայի տան անմիջական հարեւանությամբ:

Այն ժամանակ ոմանք նույնիսկ հեռուն գնացող հետեւություններ էին անում, թե մոսկովյան իշխանություններն այսպիսով փորձում են մեղմել անցած աշնանը ծավալված հակավրացական արշավի հետեւանքները: Նախագծի մասին մոսկովյան Դումայի ղեկավարներից մեկը` Եվգենի Գերասիմովը լրագրողներին ասել էր. - «Այս հուշարձանը կձեւավորի Ռուսաստանի մայրաքաղաքի հյուրընկալ կերպար, որտեղ հանգիստ, անվտանգ ու բարեկեցիկ ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ` հարգելով միմյանց»:

Հուշարձանի տեղադրման պաշտոնական առիթ եւս կար. այս տարի լրանում է «Միմինո»-ի էկրաններ դուրս գալու 30 տարին: Չնայած դրան մոսկովյան իշխանությունները, կարծես, հրաժարվում են նախնական հավանության արժանացած ծրագրից: Քաղաքային դումայի ներկայացուցիչները նշել են, որ եթե նույնիսկ հուշարձանը մի օր կառուցվի, այն պետք է տեղադրվի քաղաքի արվարձանային գոտիներից մեկում:

Այդպես էլ չիրականացված այս նախագծի հերոսներին մարմնավորած դերասաններից այսօր ողջ է միայն Վախթանգ Կիկիբիձեն, ով ռուս-վրացական հարաբերությունների սրացումից հետո սկզբունքորեն Մոսկվա չի մեկնում`մերժելով Թբիլիսիում ռուսական դեսպանատան առաջարկը` բացառության կարգով իրեն մուտքի վիզա տրամադրել:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG