Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի պաշտոնյան «տպավորված» է դաշինքի հետ կապերում Հայաստանի առաջընթացով


Երեւանում այսօր մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթվա առիթով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հասարակական դիվանագիտության հարցերով օգնական Ժան Ֆուռնեն բարձր գնահատեց Հայաստանի կատարած աշխատանքը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում` շեշտելով, որ առաջընթացն ակնհայտ է:

«Ինձ վրա մեծ տպավորություն թողեց ձեր երկրի նվիրումը Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի ընդհանուր շրջանակների եւ դրա սահմաններում առանձին տարրերի իրականացմանը: Եվ իմ գործընկերների գնահատմամբ, շատ դրական առաջընթաց է արձանագրվել», - այսօր ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի պաշտոնական բացման արարողության ժամանակ ասաց Ֆուռնեն:

Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը սկսել է իրականացվել 2005 թվականի դեկտեմբերից:

Հայաստանի արտգործնախարարը իր ելույթում վերահաստատեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր չկա:

«IPAP-ը [Անհատական գործընկերություն գործողությունների ծրագիրը] հիմնական փաստաթուղթն է մեր հարաբերություններում. ծավալուն, ընդգրկուն փաստաթուղթ է, եւ դրա ամբողջական կիրառությունը մեզանից դեռեւս երկար ժամանակ է խլում: Այնպես որ, մենք կենտրոնանում ենք այդ փաստաթղթի վրա` մեր հարաբերությունները զարգացնելու համար», - հավելեց Օսկանյանը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՆԱՏՕ-ի հնարավոր ներգրավման վերաբերյալ հարցին ի պատասխան Ժան Ֆուռնեն նշեց, թե կառույցի դիրքորոշումը հստակ է, քանի որ բանակցությունները տեղի են ունենում այլ շրջանակներում. - «ՆԱՏՕ-ն միշտ կողմ է ցանկացած նման խնդրի խաղաղ լուծմանը եւ գնահատելի է այն փաստը, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի իշխանությունները տեղեկացնելու են ՆԱՏՕ-ին հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների բոլոր զարգացումների մասին»:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանի բնորոշմամբ, հայ հասարակության շրջանում ՆԱՏՕ-ի ընկալումն ամբողջությամբ չի համապատասխանում դաշինքի այսօրվա իրականությանը: Նախարարի համոզմամբ, հասարակությունը մտահոգ է, թե արդյո՞ք հակասություններ չկան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցելու եւ Անհատական գործընկերության գործողությունների շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ գործակցելու Հայաստանի քայլերում, ինչը բխում է Հայաստանի որդեգրած կոմպլիմենտար քաղաքականությունից:

«Այս տարիների մեր գործունեությունը ապացուցել է, որ չկա հակասություն», - ասաց Օսկանյանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG