Մատչելիության հղումներ

Պուտինը պարգեւատրել է Ալեքսանդր Գրիգորյանին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով:

Նախագահի մամլո ծառայությունը հաղորդում է, որ Գրիգորյանը պարգեւի է արժանացել «ռուսական մշակույթը Հայաստանում ժողովրդականացնելու գործում ունեցած մեծ վաստակի համար»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ խորհրդային տարիներին Բարեկամության շքանշանի է արժանացել նաեւ Ստանիսլավսկու անվան թատրոնը:

Ալեքսանդր Գրիգորյանը, ով Ստանիսլավսկու անվան թատրոնի գլխավոր ռեժիսորն է 1965 թվականից, Բարեկամության շքանշանով պարգեւատրվելու մասին տեղեկացավ «Ազատություն» ռադիոկայանից:

«Անչափ ուրախ եմ եւ հուզված», - անակնկալի գալով` ասաց նա: - «Բնական է` շատ եմ աշխատել ոչ միայն Հայաստանում, այլեւ Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ ռուսաստանյան այլ քաղաքներում: Բայց ինձ համար ամենակարեւորը Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնում աշխատածս տարիներն են»:

Նա շեշտեց, որ Երեւանի ռուսական թատրոնը, ի տարբերություն նախկին խորհրդային հանրապետություններում գործած ռուսական թատրոնների, ոչ թե հետընթաց ապրեց, փլուզվեց,այլ հակառակը` շարունակելով աշխատել, մասնակցեց բազմաթիվ միջազգային փառատոների` արժանանալով մրցանակների:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG