Մատչելիության հղումներ

Բեռնար Ֆասյեն եւ Արկադի Ղուկասյանը քննարկել են բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հնարավորությունը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեն այսօր Երեւանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Ինչպես հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում հայտնեց Ղուկասյանը, քննարկված խնդիրների թվում ամենակարեւորն էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հարցը:

«Պարոն Ֆասիեն շատ հստակ պատկերացում ունի, որ առանց Լեռնային Ղարաբաղի հնարավոր չէ այս հարցը կարգավորել, եւ ես վստահ եմ, որ իրենք աշխատում են եւ աշխատելու են այդ ուղղությամբ: Դժբախտաբար ամեն ինչ չի կախված համանախագահողներից: Բնական է, որ այստեղ կարեւոր է նաեւ Ադրբեջանի դիրքորոշումը, որը չի ցանկանում բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ», - ասաց Ղուկասյանը: - «Բայց սա այն խոչընդոտն է, որը հնարավոր է վերացնել: Ես համոզված եմ, որ Ադրբեջանը ստիպված է լինելու բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ: Ուրիշ ճանապարհ չկա»:

Բեռնար Ֆասյեն հանդիպման ընթացքում շեշտել է Ղարաբաղի իշխանությունների հետ հանդիպումների անհրաժեշտությունը եւ վստահեցրել, որ այդպիսիք ավելի հաճախ կանցկացվեն, այդ թվում՝ դրսում: Թեեւ առայժմ պարզ չէ, թե ինչ ձեւաչափով:

Մինսկի խմբի Ֆրանսիացի համանախագահի Բաքվից նորից Երեւան ժամանելու նպատակն էր Հայաստանի իշխանություններին տեղեկացնել Բաքվի դիրքորոշումների մասին: Արկադի Ղուկասյանի հետ հանդիպելուց առաջ ֆրանսիացի համանախագահը հանդիպում էր ունեցել Հայաստանի արտգործնախարար Օսկանյանի հետ:

Բեռնար Ֆասյեի փոխանցմամբ, ինչպես Բաքվում, այնպես էլ Երեւանում քննարկումներն «օգտակար եւ արդյունավետ» են եղել:

«Մեծ հույս կա, որ մարտի 14-ին Ժնեւում արտգործնախարարների հանդիպումը նույնպես լինի կառուցողական եւ արդյունավետ», - ասաց նա:

Արկադի Ղուկասյանը արտգործնախարարների ժնեւյան հանդիպումից
«որեւէ լուրջ բան» չի սպասում. - «Բայց գտնում եմ, որ ամեն մի հանդիպում կարեւոր է»:

Անցած շաբաթ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասել էր, որ եթե ժնեւյան հանդիպումը դրական արդյունք տա, ապա հնարավոր է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից շատ կարճ ժամանակ անց Քոչարյան - Ալիեւ նոր հանդիպում կայանա: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հույս են հայտնել, որ երկու երկրների նախագահները կհամաձայնեցնեն խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքները մինչեւ նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում:

Արկադի Ղուկասյանը այսօր չբացառեց, որ նախագահների հանդիպում կլինի`դժվարանալով ասել բեկում կարձանագրվի, թե ոչ. - «Ամեն դեպքում մենք շահագրգռված ենք, որ հարցը կարգավորվի, բայց մենք ունենք սկզբունքներ, որոնց երբեւէ չենք դավաճանելու: Եթե հարցը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի շահերի հաշվին, բնական է, այդպիսի լուծում մեզ պետք չէ:»

Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, Ղուկասյանի խոսքերով, Հայաստանի հետ կան «թեթեւ եւ ավելի լուրջ հակասություններ», բայց «կոռեկտ չէ իմ կողմից այդ հակասություններ մասին խոսել թերթերի էջերում կամ հեռուստատեսությամբ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG