Մատչելիության հղումներ

Սեֆիլյանը հերքում է, թե իշխանությունը բռնությամբ փոխելու կոչեր է արել


«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանը հերքել է, թե բռնությամբ երկրում իշխանափոխության կոչեր է արել, ինչի համար ինքն ու նախաձեռնության մեկ այլ ղեկավար Վարդան Մալխասյանը ձերբակալվել են անցած տարեվերջին:

Հիմնականում ընդդիմադիր պատգամավորներից կազմված պատգամավորական խումբը, նպատակ ունենալով պարզել Սեֆիլյանի եւ Մալխասյանի ձերբակալման դրդապատճառները, մեկ տասնյակից ավելի հարցեր էին ուղարկել Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում գտնվող Սեֆիլյանին, ու երեկ լրագրողների համար հրապարակեցին ստացված պատասխանները:

«Անհեթեթ մեղադրանք է եւ քաղաքական պատվերով սարքված գործ», - նկատի ունենալով իրեն ու Մալխասյանին ներկայացված մեղադրանքը` Հայաստանի պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր անելը, պատասխանել է Սեֆիլյանը: - «Իշխանափոխության անհրաժեշտության մասին ասել եմ միշտ: Բռնությամբ կամ զենքով դա անելը չեմ պատկերացնում»:

«Ժողովուրդը այնքան է ատում այդ մի քանի անձերին, որ բավարար է մի քիչ կազմակերպել նրան եւ վարչախումբը կհեռանա», - շարունակել է նա: - «Եթե իշխանափոխության կոչը հանցանք է, ապա այդ մեղադրանքով կարելի է դատել Հայաստանի բնակչության առնվազն կեսին»:

Սեֆիլյանը նաեւ գրել է, որ վերջին 5-6 տարիների ընթացքում իրեն պարբերաբար «հրավիրել են զրույցի». - «Պատճառը իմ հասարակական ակտիվությունը, ընդդիմադիրների հետ ունեցած շփումներն ու ընդհանուր ընդդիմադիր կեցվածքն է»:

Նա ասել է, որ վերջին անգամ իրեն անվտանգության մարմինները հրավիրել են 2006 թվականի մարտի վերջին. - «Տարան նաեւ Կրակեմ Հրաչի [Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Հրաչյա Հարությունյանի] մոտ: Նա նույնպես հարձակվեց ընդդիմության վրա, ասաց` «Ի՞նչ գործ ունես ընդդիմության հետ, դրանք ո՞վ են: Չես էլ պատկերացնում, թե ինչ ուժ ունենք: Դրանց ճզմելու ենք», եւ ձեռքի շարժումով ցույց տվեց, թե ինչպես են ոչնչացնելու ընդդիմությանը»:

Պատգամավորական խմբի հարցին, թե որոնք են, Սեֆիլյանի կարծիքով, իր եւ Մալխասյանի դեմ քրեական գործ հարուցելու իրական շարժառիթները, Սեֆիլյանը պատասխանել է. - «Հայտնի զույգը [նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը] մեկից ավելի պատճառներ ունի ինձ չեզոքացնելու համար: Առաջնահերթ պատճառը ընտրություններն են... Հայտարարեցինք, որ բռնելու ենք կեղծարար ձեռքը: Դրա համար անհրաժեշտ էր կազմակերպել, եւ մենք աշխատում էինք այդ ուղղությամբ»:

Լրագրողների եւ պատգամավորական խմբի անդամների համար ցուցադրվեց անցած դեկտեմբերի 2-ին կայացած «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության հավաքի տեսագրությունը, որտեղ Սեֆիլյանի ունեցած ելույթի որոշ հատվածներ, թերեւս, հիմք են հանդիսացել նրա դեմ քրեական գործ հարուցելու համար:

«Ով համարձակվի հող զիջելուն, նրա գլուխը ջարդելու ենք, տրաքացնելու ենք», - հավաքի իր ելույթում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ասել էր Սեֆիլյանը:

««Քոչարյան, Սերժ, հեռացիր» կրկնելով այս մարդիկ չեն հեռանալու», - նաեւ ասել էր Սեֆիլյանը: - «Այս մարդիկ խաղաղ ցույցերով չեն հեռանա... Դրսի ճնշումով չեն հեռանալու: Եթե մենք կազմակերպվենք եւ կարողանանք ուժ ստեղծել, իրենք հեռանալու են»:

Տեսագրությունը դիտելուց հետո Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց. - «Ես գտնում եմ, որ այդ ելույթի մեջ քրեորեն հետապնդելի արարք չկա»:

Մի խումբ ընդդիմադիր պատգավորներ, մտավորականներ, հասարակական գործիչներ համաձայնեցին սղագրել Սեֆիլյանի ողջ ելույթը եւ ստորագրել այդ տեքստի տակ` ցույց տալով, որ իրենք կիսում են Սեֆիլյանի հնչեցրած մտքերը, եւ եթե այդ ամենը դատապարտելի է, ապա իրենց էլ կարող են ձերբակալել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG