Մատչելիության հղումներ

Ադրբեջանը համաձայնություն է տվել Ժնեւում Օսկանյան - Մամեդյարով հանդիպմանը


Ադրբեջանական կողմը համաձայնել է, որ Ժնեւում տեղի ունենա Օսկանյան - Մամեդյարով հերթական հանդիպումը:

Մարտի 13-ին Ժնեւում սկսվելու է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի հերթական նստաշրջանը, որին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությունը: Միջնորդներն էլ նախատեսում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով անցկացնել արտգործնախարարների հերթական հանդիպումը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար էլմար Մամեդյարովը «Թրենդ» լրատվական գործակալության այն հարցին, թե որտեղ եւ երբ է տեղի ունենալու արտգործնախարարների հանդիպումը, ինչ ֆորմատով եւ ինչ հարցեր են քննարկվելու, պատասխանել է. - «Առայժմ խոսքն այն մասին է, որ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են հանդիպումն անցկացնել մարտի 13-14-ը Ժնեւում: Ադրբեջանական կողմը տվել է իր համաձայնությունը, իսկ Հայաստանի դիրքորոշումը ինձ հայտնի չէ, եւ ես չեմ կարող այդ մասին խոսել: Մենք պլանավորում ենք հանդիպումն անցկացնել Պրահայի գործընթացի շրջանակներում»:

Նրա խոսքերով, «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ` դա աքսիոմ է»:

«Մենք այս դեպքում խոսում ենք հակամարտությունը փուլ առ փուլ կարգավորելու մասին, այն է` հայկական զորքերի դուրսբերում գրավյալ տարածքներից, ադրբեջանցի բնակչության վերադարձ, ականազերծում, ենթակառուցվածքների վերականգնում, տնտեսական համագործակցություն», - ասել է Մամեդյարովը:

«Այսինքն, մենք բոլոր այս հարցերը հետաձգում ենք՝ թողնելով հիմնականը՝ որոշել Lեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը Ադրբեջանի կազմում: Դա մնում է բանակցությունների քննարկման առարկա, բայց կարեւոր է, որ ադրբեջանցի բնակչությունը վերադառնա, եւ նրանք արդեն կարողանան միասին որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ դա կլինի հանրապետությո՞ւն, թե՞ ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Պատասխանելով հակամարտության կարգավորման հնարավոր ժամկետներին վերաբերող հարցին՝ Մամեդյարովն ասել է. - «Հաշվի առնելով հակամարտության բնույթը՝ մենք այն ոստյունով, թռիչքով չենք լուծի: Այստեղ կպահանջվի ոչ մեկ, ոչ էլ երկու տարի: Կարեւոր է, որ երկու ժողովուրդների միջեւ իրար հանդեպ վստահություն ի հայտ գա: Մինչեւ հիմա շատ ցավագին մոտեցում կա այդ խնդրի հանդեպ՝ թե Ադրբեջանում եւ թե Հայաստանում»:

«Ժամանակ է պետք, որ վստահությունը ամրապնդվի, մենք այլ ելք չունենք, մենք հարեւաններ ենք եւ պետք է հաշտության ճանապարհ գտնենք: Ես չեմ ուզում հոռետես լինել, բայց «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը ոչ մի լավ բանի չի բերի», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG