Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գերագույն դատական ատյանի վճիռը մտահոգություն է հարուցել Թուրքիայում


ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով Սրեբրենիցայում բոսնիացի սերբերի ջարդը ճանաչվել է ցեղասպանություն, մտահոգություններ է հարուցել Թուրքիայում, որտեղ ժամանակ առ ժամանակ Հայոց ցեղասպանության «պնդումները» ՄԱԿ-ի գերագույն դատական ատյանում վիճարկելու առաջարկներ են հնչում:

Թուրքիայում հայտնի հրապարակախոս Իլթեր Թուրանը Turkish Daily News-ի հարցազրույցում մատնանշել է այն փաստը, որ Արդարադատության միջազգային դատարանը, չնայած Սերբիային «անմիջականորեն պատասխանատու» չի համարել 1992-95 թվականներին Բոսնիայում տեղի ունեցած իրադարձությունների համար, այնուհանդերձ, դրանք որակել է «ցեղասպանություն»: Հետեւաբար, Թուրանի համոզմամբ, փոխհատուցման հարցը անխուսափելիորեն բարձրանալու է:

«Միակ իրավական պաշտպանությունը, որ ունի Թուրքիան [Հայոց ցեղասպանության հարցում], խնդիրը որպես անցյալի իրադարձություն ընդունելն է», - ասել է թուրք հրապարակախոսը՝ հավելելով. - «Սակայն դա եւս չի կարող ապահովել դատարանի կողմից Թուրքիայի վերաբերյալ նույնպիսի վճռի ընդունումը»:

«Եթե նույնիսկ ենթադրենք, որ Օսմանյան կայսրությունը կմաքրվի ցեղասպանության մեղադրանքներից, պատասխանատվության հարցը բարձրանալու է», - ընդգծել է Իլթեր Թուրանը:

Նշելով, որ ըստ Արդարադատության միջազգային դատարանի որոշման՝ Սերբիան պետք է ջանքեր գործադրեր ցեղասպանությունը կանխելու համար, թուրք հրապարակախոսը հավելել է. - «Նույնը կարող է պատահել Թուրքիայի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG