Մատչելիության հղումներ

Ընդդիմությանը չհաջողվեց միավորվել


Ընդդիմադիր մի շարք կուսակցությունների` «Հանրապետության», Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ), «Ժառանգության», Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) ղեկավարների միջեւ երեքշաբթի մինչեւ ուշ գիշեր տեւած քննարկումները արդյունքի չհանգեցրին:

Նշված կուսակցությունները կամ առանձին կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին, կամ ընհանրապես չեն մասնակցի:

«Չէի ուզենա այդ բանակցությունների գործընթացը, այդ խոհանոցը օգտագործել որպես սեւ PR որեւէ կուսակցության դեմ` ոչ թե նրա համար, որ իմ հասարակությունից գաղտնի ինչ-որ բան ունեմ, այլ կարծում եմ, որ այդ խոհանոցային խոսակցությունները որեւէ օգուտ չեն տա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց այդ բանակցությունները նախաձեռնած «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Հարցին, թե արդյո՞ք ընդդիմադիր դաշտի որոշ ուժեր առաջնորդվում են իշխանությունների նախանշած ծրագրով, Արամ Սարգսյանը, ով ասել էր, թե միավորվել չցանկացած որոշ կուսակցություններ «ինչ-որ կախվածություն ունեն իշխանություններից», արձագանքեց. - «Որեւէ երկրում դա բացառված չէ: Հայաստանի պարագայում, եւ ընդհանրապես դիկտատուրա ունեցող երկրների պարագայում, դժբախտաբար, այդ կուսակցությունների թիվը շատ է»:

«Հանրապետություն» կուսակցությունը ընտրությունների կգնա առանձին:

ԱԺՄ-ի նախագահ Վազգեն Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չկամեցավ մեկնաբանել ընդդիմադիրների չմիավորվելու պատճառները: ԱԺՄ-ն, նրա խոսքերով, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի ընտրություններին: Մանուկյանը բացառեց նաեւ այլ քաղաքական ուժի ցուցակով իր թեկնածության առաջադրման հավանականությունը:

Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը երեկվա դրությամբ դեռեւս չէր որոշել՝ մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց կուսակցության ղեկավար անդամ Վարդան Խաչատրյանը, կուսակցության խորհուրդը որոշումը ընդունելու էր երեկ ուշ երեկոյան:

Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության նիստում երեկ հաստատվել է կուսակցության համամասնական ցուցակը, որը գլխավորում է Ստեփան Դեմիրճյանը: Երկրորդ տեղում «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանն է: Առաջին տասնյակի մյուս տեղերում ՀԺԿ-ի ղեկավար անդամներն են:

Իսկ Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանության» համամասնական ցուցակը դեռ երեքշաբթի օրն էր ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG