Մատչելիության հղումներ

Երեւանի մամուլի ակումբը քննադատում է հեռարձակման օրենսդրությունում ընդունված փոփոխությունները


Հայաստանի Ազգային ժողովի կողմից հեռարձակման օրենսդրության փոփոխությունների ընդունումը վկայում է, որ ոչ կառավարությունը, ոչ էլ խորհրդարանը «պատրաստ չեն կամ չեն ցանկանում կատարելագործել հեռարձակման օրենսդրությունը, այն համապատասխանեցնել խոսքի ազատության ժամանակակից սկզբունքներին եւ միջազգային չափանիշներին»: Այդ մասին ասված է Երեւանի մամուլի ակումբի այսօրվա հայտարարությունում:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» օրենքներում երկուշաբթի օրը ընդունված փոփոխությունների առնչությամբ լրագրողական կազմակերպությունը հայտարարում է, թե «հերթական անգամ մենք բախվեցինք խոսքի ազատության ոլորտին վերաբերող օրինագծերի ծածուկ, «ընդհատակյա» նախապատրաստմանն ու դրանց հապշտապ, ռազմական զորակոչի ոճով քննարկմանն ու քվեարկությանը Ազգային ժողովում»:

Երեւանի մամուլի ակումբի համոզմամբ, փաստարկը, թե օրենքները փոփոխված Սահմանադրությանը համապատասխանեցնելու պահանջն էր թելադրում արագացված ընթացակարգ, որեւէ քննադատության չի դիմանում. - «Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց անցել է մեկ տարուց ավելի, եւ ինչպես կառավարական, այնպես էլ խորհրդարանական կառույցները բավականին ժամանակ ունեին քննարկումներ, լսումներ անցկացնելու, եղած առաջարկություններն ուսումնասիրելու, փորձագետների գնահատականներ ստանալու համար»:

Համաձայն հայտարարության, հեռարձակման ոլորտի օրենսդրության ընդունված փոփոխությունները չեն օգտագործում նույնիսկ այն դրականը, որ կա փոփոխված Սահմանադրության համապատասխան դրույթներում: Մասնավորապես, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի` նախագահի կողմից նշանակվող եւ խորհրդարանի կողմից ընտրվող անդամների` հիմնական օրենքով սահմանված հարաբերակցությանը այս փոփոխություններով հնարավոր է հասնել միայն 2011 թվականին, փոփոխությունները չեն ապահովում ՀՌԱՀ-ի կազմի հասարակական-քաղաքական բազմազանությունը, ինչպես եւ նախկինում, չի ապահովվում հասարակության մասնակցությունը ՀՌԱՀ-ի ձեւավորմանը եւ նրա կողմից որոշումների ընդունման թափանցիկությունը:

«Վերն ասվածը մտահոգություն է առաջացնում ոչ միայն երկու օրինագծերի ընդունման պատճառով, այլեւ` հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երկրի հասարակական-քաղաքական իրավիճակն ընդհանրապես», - հայտարարում է Երեւանի մամուլի ակումբը՝ ամփոփելով. - «Չափազանց շատ են այն բանի նախանշանները, որ սպասվող ընտրարշավը քաղաքական ուժերի կողմից որոշակի արժեքներին հավատարմություն հռչակելու փոխարեն սպառնում է վերածվելու ցինիզմի, հետադիմական տրամադրությունների եւ հարմարվողականության պաշտամունքի ցուցադրության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG