Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ռմբահարվել է ԱՄՆ-ի փոխնախագահի այցելած ռազմակայանի դարպասը


Այսօր Աֆղանստանում ինքնասպան ահաբեկիչը ավտոմեքենան պայթեցնելու միջոցով ռմբահարել է Բագրամի ռազմակայանի դարպասը, ուր այդ ժամանակ այցելել էր ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին:

Անվտանգության օժանդակության միջազգային ուժերի խոսնակ, լեյտենանտ Անջելա Բիլինգսը «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայությանը հայտնել է, որ «մի շարք աֆղաններ եւ զինվորական անձնակազմի ներկայացուցիչներ» են սպանվել, եւ որ Բագրամի հիվանդանոցում ստացած վերքերից բուժվում է առնվազն 23 մարդ:

Ըստ Բիլինգսի փոխանցած նախնական տվյալների, զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ ինքնասպան ահաբեկիչը: Համաձայն ԱՄՆ-ի զինվորական աղբյուրների, զոհվածների թվում է ամերիկացի մեկ զինվոր:

Աֆղանստանի պաշտոնյաների տվյալներով, սակայն, զոհվել է 18 մարդ, որոնց մեծամասնությունը՝ ռազմակայանի դարպասի մոտ գտնվող շուկայում խմբված աֆղան քաղաքացիական անձինք:

Չեյնիի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի փոխնախագահը պայթյունից հեռու է գտնվել եւ չի վնասվել:

Չեյնին Աֆղանստանում է այդ երկրի նախագահ Համիդ Քարզայի հետ բանակցություններ վարելու նպատակով:

Արեւմտյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Թալիբան խմբավորման խոսնակը ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG